Չենք ուզում վերադառնալ Հայաստան․ «խոպանչիները» դժգոհում են հարկ վճարելու մասով

Մի քանի օր է, ինչ ՀՀ քաղաքացիները դժգոհում են, մասնավորապես, նրանք, ովքեր մեկնում են արտագնա աշխատանքի Ռուսաստան կամ ԱՊՀ այլ երկրներ։ Բանն այն է, որ վերադարձից հետո նրանք նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։
MediaHub-ը ևս բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ չեն ուզում մի օր գան Հայաստան, և պարզվի, որ պետք է 1 միլիոն դրամ հարկ վճարեն։ Մեր զրուցակիցներից մեկն ասաց, որ ՌԴ-ում աշխատում են օրինական հիմքերով, ունեն պայմանագիր, հարկեր են վճարում, բայց պատրաստվում է մոտ ապագայում վերադառնալ ՀՀ և այժմ մտահոգ է, որ ՊԵԿ–ից հարկային պարտավորությունների խախտման մասին նամակ կստանա։
«Ինչո՞ւ մենք պետք է հարկ վճարենք ՀՀ-ում, եթե մենք օրինական հիմքերով աշխատում ենք Ռուսաստանում, 1 միլիոն դրամ ինչի՞ համար պետք է տամ։ Գնացել ենք Ռուսաստան, որ օգնենք ընտանիքներին, ու հիմա մեզ ստիպում են, որ չուզենանք վերադառնալ Հայաստան»,- ասաց մեր զրուցակիցը։
Ըստ նրա՝ նա բավականին մեծ գումար է ստանում ՌԴ-ի համար՝ 120.000 ռուբլի կամ 516.000 դրամ, իսկ տարեկան 1 մլն 440 հազար ռուբլի կամ մոտավորապես 6 մլն դրամ։ Ստացվում է, եթե նա վերադառնա ՀՀ, ապա բավականին մեծ գումար պետք է վճարի, որը, բնականաբար, ձեռնտու չէ իրեն։ Ընդ որում, շեշտեց մեր զրուցակիցը, այս «նորամուծությունը» 2018թ․-ից հետո է արվել, այսպես կոչված «հեղափոխությունից» հետո:
«Երեխաներս և կինս ՀՀ-ում են, կինս աշխատում է, հարկերը վճարում է, բայց ես արդեն բավականին երկար ժամանակ չեմ եկել Հայաստան, գալու դեպքում մեծ գումար եմ ստիպված լինելու վճարել ու դրա մասին ես իմանում եմ ընդամենը մի քանի օր առաջ։ Ոչ մեկ չի տեղեկացրել, արդեն ինչքան ժամանակ է գործում է այդ օրենքը, բայց մենք ընդհանրապես տեղյակ չենք»,- ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ երեկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով «արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիներին հարկելու» թեմայով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող հրապարակումները, հայտնեց, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ կարգավորումները նոր չեն: Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով:
ՊԵԿ-ն արդեն ծանուցել է 1005 ֆիզիկական անձի, որոնցից պահանջում է ընդհանուր առմամբ 187 միլիոն դրամ։ 2020 թ․-ին ստացած եկամուտների մասով ծանուցվել է 122 ֆիզանձ, որոնցից պահանջվում է 21.3 միլիոն դրամ։ 2021 թ․-ին ստացած եկամուտների մասով ծանուցվել է 96 ֆիզանձ, որոնցից պահանջվում է 13.2 միլիոն դրամ: 2022 թ․-ին ստացած եկամուտների մասով՝ 787 ֆիզանձ, որոնցից պահանջվում է 153.3 միլիոն դրամ:
Մարիաննա Արամյան