Փաշինյանն ընդունել է Ալիևի բոլոր պահանջները. նրա միակ խնդրանքը 

Փաշինյանն ընդունել է Ալիևի բոլոր պահանջները. նրա միակ խնդրանքը 

Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցին առհասարակ կարելի էր չանդրադառնալ, որովհետև նա եկել էր ասելու, որ ընդունել է Ալիևի բոլոր պահանջները ու ընդամենը մեկ բան է աղերսում Ադրբեջանի նախագահից՝ խաղաղության պայմանագրից հանել ադրբեջանցի փախստականների վերադարձի պահանջը:

«Ադրբեջանն ի՞նչ է ասում, ասում է՝ «ուզո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձ, իրավունքներ, անվտանգություն և այլն, խնդիր չկա, եկեք Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած ադրբեջանցիների իրավունքներն էլ արձանագրենք խաղաղության պայմանագրում»: Իհարկե, մենք դրան կարող ենք ասել Նախիջևանի հայերի վերադարձի իրավունքը, Բաքվի հայերի վերադարձի իրավունքը, Սումգայիթի հայերի վերադարձի իրավունքը, Կիրովաբադի հայերի վերադարձի իրավունքը, նորից շատ տեղերից հայերի վերադարձի իրավունք, բայց այստեղ թեման հետևյալի մեջ է, մենք ի՞նչ տրամաբանության ենք գնում, մենք հիմա ռեսուրսներ ենք հավաքում գնալու նոր բախմա՞ն, թե՞ մենք ռեսուրսներ ենք հավաքում խաղաղության գնալու համար և այդ ռեսուրսներն օգտագործելու Հայաստանում պետություն կայացնելու վրա: Իմ կարծիքով` ճիշտ ճանապարհն այս է: Եվ այն, ինչ ես չեմ կարողացել ասել 2018, 2019, 2020, նույնիսկ 2021 թվին, ասում եմ հիմա»,- երեկ ասում էր Փաշինյանը ու ծավալուն այդ հարցազրույցը կազմակերպվել էր՝ հենց այս նախադասությունը ասելու համար:

Սրան էին միտված պատմական փաստերը, ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի պատմությունը խեղաթյուրելու՝ Փաշինյանի բոլոր փորձերը, 2021-ի իր նախընտրական խոստումներն անշնորհք ձևով «ջրելու» ճիգերը:

Հայաստանի ոչ մի ղեկավար, անգամ՝ հայր և որդի Ալիևները, նման գռեհիկ ոճով չէր ներկայացրել Հայաստանի պետականության և ԼՂ հայկականության կոնտրաստը: Փաշինյանը դա արեց ու դարձյալ նույն նպատակով, որպեսզի ապացուցի, որ Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու այլընտրանք չունի:

Ի դեպ, երեկ հօդս ցնդեց իշխանամերձ այն «ինքնիշխանականների» պնդումները, թե իբրև «փուռը տալով» Արցախը՝ փրկում ենք Սյունիքը: Փաշինյան ասում է՝ իր «Խաղաղության խաչմերուկը» արտահայտում է Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի կարգավորումները:

Փաշինյանն անուղղակի խոստովանեց, որ հայտնի տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ լինելու է ռուսական կամ միջազգային վերահսկողություն: 

«Ես երբ Ազգային ժողովում ասում էի, որ կունենայինք նույնը, բայց առանց զոհերի, ես այդպես էլ չհասկացա ինչո՞ւ աղմուկ բարձրացավ այդ հայտարարության վերաբերյալ, որովհետև ես սա նկատի ունեի»,- երեկ ասում էր Փաշինյանը՝ ապացուցելով, որ սպառված է ոչ միայն քաղաքական, այլ նաև բարոյական իմաստով:

Ահա, այսպիսի ամանորյա «նվեր» հայ ժողովրդին...

Վահրամ Բագրատյան