Փաշինյանի «բացահայտումը» 

Փաշինյանի «բացահայտումը» 

Այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ մտքերը, նույն խնդրի վերաբերյալ հակասական հայտարարությունները նորություն են, բայց վերջին հարցազրույցում ու տեղի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ, Փաշինյանն ամբողջովին «բացահայտեց» իր քաղաքական նկարագիրը, արժեքային համակարգը:

Փաշինյանը վստահեցնում է՝ ինքը Արցախը չի հանձնել, ամեն ինչ արել է, որպեսզի բանակը պատրաստ լինի պատերազմի: Այս մասին Հայաստանի վարչապետը հայտարարել է Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Հանդիպման մասնակիցներից մեկը՝ ներկայանալով որպես արցախցի, Փաշինյանից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է խաղաղության գնում՝ հողեր զիջելով․ նա հորդորել է վարչապետին թողնել պաշտոնը և «ավելի խելացի մարդկանց» թողնել հարցի լուծումը։ Կառավարության ղեկավարը պնդել է՝ ինքն Արցախը չի հանձնել, այլ արել է «ամեն ինչ», որպեսզի բանակը պատրաստ լինի պատերազմին։

«Իսկ, կներեք, դուք ինչո՞ւ եք Չեխիայում ապրում», - արձագանքել է Փաշինյանը՝ բաց տեքստով սփյուռքահայերին մեղադրելով հողատվության մեջ:

Սա պատմության մեջ բացառիկ երևույթ է, երբ պետության ղեկավարը իր ազգի դրսի համայնքներին համախմբելու փոխարեն՝ նրանց պառակտի, մեղադրի անիրական մեղքերի մեջ՝ աբսուրդի հասնող տոնայնությամբ:
Փաշինյանի «ինքնապաշտպանական» ֆանտազիան անսպառ է: Հիմա էլ՝ պարզվեց, որ Սփյուռքն է «հանձնել» Արցախը:

Եվ վերջին հարցազրույցը մի կարևոր պատմություն է Նիկոլ Փաշինյանի «բացահայտման» մասին:

Ինչո՞ւ էր Փաշինյանը ստում անգամ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ Արցախի համար խոստանում էր «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը:

Փաշինյանն այդ հարցին պատասխանել չկարողացավ, որովհետև անկեղծ լինելու դեպքում պետք է խոստովաներ՝ իշխանությունից ավելի ոչինչ չի սիրում:

«Նեմեսիս» հուշարձանի պատմությունը ցույց տվեց Փաշինյանի բնավորության կարևոր մի գիծ՝ ծանր պահի նա պատրաստ է զոհաբերել իր թիմը, ինչպես այսօր է հուշարձանի տեղադրնան պատմությունը գցում Երևանի քաղաքապետարանի «գրպանը», որտեղ, ի դեպ, դարձյալ հանգրվանել է ՔՊ-ն:

Վահրամ Բագրատյան