Հայաստան կոկաին են ուղարկում. ո՞ւմ մեղադրել

Հայաստան կոկաին են ուղարկում. ո՞ւմ մեղադրել

Նախօրեին շուրջ 3 տոննա կոկաին էր հայտնաբերվել Իտալիայում, որը Էկվադորից պետք է հասներ Հայաստան։ Չհասավ, որովհետև Հարավային Իտալիայի ոստիկանությունը հայտնաբերել և առգևավվել էր կոկաինը։ 

Այն պահված է եղել Էկվադորից ուղարկված բանանների արկղերում։ 

Առգրավված բեռի արժեքը սև շուկայում ավելի քան 800 միլիոն եվրո է (880 միլիոն դոլար)։ Բեռը շարժվել է Էկվադորի Գուայաքիլ նավահանգստից, իսկ վերջնական նպատակակետը Հայաստանն էր՝ Վրաստանի Բաթումի նավահանգստով տարանցմամբ։ 

Այս ամենից հետո Հայաստանում հարցերի մեծ շղթա առաջացավ․ ո՞վ էր ներմուծում, ինչո՞ւ և ի՞նչ կապ ունի իշխանությունն այս ամենի հետ։ MediaHub-ը նախկինում Էկվադորից բանանի մատակարարմամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրենից հետաքրքրվեց, թե իրականում սա ի՞նչ սցենար է և արդյո՞ք առաջին դեպքն է, որ բանանները դառնում են այս չափ կոկաին մատակարելու միջոց։ Վերջինս պատմեց, որ սա նոր բան չէ և բացարձակ պարտադիր չէ, որ Հայաստանն այդ կոկաինի հետ որևէ կապ ունենա։ 

«Ես էլ եմ եղել խոշոր ներկրող և նման դեպքեր միշտ են լինում։ Հարցն այն է, երբ մենք գնում ենք այդ ապրանքը և պարզ է դառնում, թե որ երկրներով այն պետք է անցնի, իրենք իրենց գործարքն են անում «տակից» և ճանապարհում կոկաինը, որն արդեն Եվրոպայում հանում են, իսկ մեր բեռը մեզ հասնում է առանց կոկաինի։ Այս դեպքում էլ միջնորդ պետությունը Իտալիան է եղել, ապրանքը եկել է Իտալիա, որտեղ արդեն կոկաինը հայտնաբերվել է։ Եթե անգամ չհայտնաբերվեր, միևնույն է, մեծ հավանականությամբ, դա Հայաստան չէր հասնելու, Իտալիայից պետք է դա արդեն վերցնեին։ Մեզ հետ էլ է եղել։ Պատահել է, որ իմացել ենք, պատահել է, որ այնքան մաքուր են աշխատել, մենք այդ մասին չենք էլ իմացել։ Ես մի քիչ ավելի մոտ եմ այս ամենին, դրա համար հասկանում եմ, որ Հայաստանին մեղադրելն այդքան էլ միանշանակ չէ»,-պարզաբանեց նա։ 

Սակայն մեր զրույցին զուգահեռ ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ հաղորդագրությամբ, որում նշվում է, որ Հայաստան է ներմուծվել է 1 տոննա կոկաին։ Պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն Եվրո արժողության), որը հայտնաբերվել և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Պարզ չէ, թե ինչ մրգերի մեջ է թաքնված եղել թմրամիջոցը, սակայն, փաստը մնում է փաստ՝ այն Հայաստան է հասել։ Անշուշտ, սա այն դեպքն է, երբ գոյություն կարող են ունենալ և այն վարկածը, թե Հայաստանը միայն տարանցիկ երկիր է, և այն, որ թմրանյութի այս քանակությունը հենց Հայաստանի համար է: Այս վերջինի դեպքում ակնհայտ է, որ իշխանության ներկայացուցիչների հովանավորչությունն ավելի քան ակնհայտ է, հակառակ պարագայում նման քանակություն Հայաստան մտնել ուղղակի չի կարող: Դե, եթե հիշենք նաև իշխանական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի աղմկահարույց հայտարարությունն այն մասին, թե «այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում», ապա պատկերը ավելի քան պարզ է.....

Լիաննա Թորոսյան