Քաղաքապետարանը հիմա էլ ուզում է Կենտրոնը փակել մեքենաների համար

Երեկ ավագանու նիստի ժամանակ փոխքաղաքապետը ասաց, որ «կարմիր գծերը» (թանկացումը – խմբ.) բեռնաթափման քայլերից ընդամենը մեկն է: MediaHub-ը հետաքրքրվեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից, թե ի՞նչ նոր քայլեր էլ են քննարկում քաղաքապետարանում։
Մանավորապես, դեռ մեկ ամիս առաջ MediaHub-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանում քննարկումներ են եղել մի առաջարկի շուրջ, ըստ որի Կենտրոնը առավոտյան ժամերին՝ մինչև 10:00, բաց լինի միայն պետական համարանիշներով մեքենաների համար։ Մեկ ամիս առաջ Հայկ Կոստանյանը մեր այս տեղեկությունը հերքել էր։
Նորից այդ հարցը տվեցինք՝ հետաքրքրվելով, ի՞նչ նոր քայլեր են քննարկվում: «Բեռնաթափման հետ կապված լինելու է նոր ճանապարհների կառուցում, որի վերաբերյալ արդեն նախնական ծրագիրը կա, նաև առանձնացված ավտոբուսային գծեր են լինելու, ինչը բերելու է բեռնաթափման»,- ասաց Կոստանյանը։
Դիտարկմանը, եթե առանձնացված գիծ լինի միայն ավտոբուսների համար, ապա արդյո՞ք էլ ավելի խցանված չի լինի քաղաքը, ինչպես ամեն օր դրա ականատեսն ենք լինում Նոր Նորքում:
Կոստանյանն արձագանքեց, որ իմաստն այն է, որ հասարակական տրանսպորտը առավելություններ է ունենալու մնացած տրանսպորտների միջոցների նկատմամբ և երբ ավտոբուսների շարժակազմը գնալով ավելանա, ապա, ըստ Կոստանյանի, շատ մարդիկ կգերադասեն ոչ թե սեփական տրասպորտային միջոցով երթևեկել, այլ խցանումների մեջ չհայտնվելու համար շատերը կնախընտրեն հասարակական տրանսպորտից օգտվել։
Իսկ ահա հարցին, թե արդյոք արդեն կան քննարկումներ Կենտրոնը կոնկրետ ինչ-որ ժամերին փակելու համար, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը չհերքեց, որ արդեն նման քննարկումներ կան: Մինչդեռ, հիշեցնենք, դեռ մեկ ամիս առաջ ինքը MediaHub-ին ասել էր, որ չկան նման քննարկումներ։
«Գուցե ապագայում հնարավոր լինի, մտքեր ու քննարկումներ կան, բայց կարծում եմ դա կկարողանանք այն ժամանակ իրականացնել, երբ տրանսպորտի հարցը կարդիականանա, տրանսպորտի առանձնացված գծերը էլ ավելի շատ կլինեն, որ մարդկանց ընտրություն տանք։ Պայմանական, եթե փողոց պետք է փակվի, բայց հասարակական տրանսպորտը կարողանա փողոցով երթևեկել՝ քաղաքացիներին տեղափոխելու համար, գուցե հետագայում նման քայլեր կձեռնարկվեն։ Քննարկումներն, այո, առաջացել են, քանի որ մենք գնում ենք հասարակական տրանսպորտի արդիականացման: Ես կարծում եմ, որ երբ այդ հարցը դրական փուլ հասնի, կձեռնարկվեն քայլեր հասկանալու համար, թե որ փողոցներում, պայմանական ասաց, նշվածը իրականացնել»,- ասաց Կոստանյանը։
Նշենք, որ աշխարհի շատ քաղաքներում կենտրոնը փակ պահելը դարձել է նորմա և, ըստ երևույթի, որոշ ժամանակ անց մենք նույնը կունենանք նաև Երևանում։ Օրինակ՝ Լոնդոնի կենտրոն մուտք գործելու համար վարորդները ստիպված են վճարել օրական 15-17 ֆունտ ստերլինգ կամ 7000-9000 դրամ։ Իսկ Հռոմում կենտրոնը փակ չէ, սակայն այնտեղ մեքենա վարելը գրեթե անհնար է՝ փոքր և նեղ փողոցների մեծամասնությունը հասանելի է միայն հատուկ ծառայությունների մեքենաներին։
Միջազգային պրակտիկայում շատ երկրներ իրենց մայրաքաղաքներում ավելացնում են միայն հետիոտների համար նախատեսված փողոցների քանակը, բայց արդյո՞ք Երևանը դրան պատրաստ է:
Մարիաննա Արամյան