Փաշինյանը շարունակում է փորձել նստած մնալ երկու աթոռին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հույս է հայտնել, որ շուտով ՀՀ-ն ՌԴ-ում ներ դեսպան կունենա:
Հավելյալ մանրամասների համար էլ հորդորել էր դիմել ԱԳՆ-ին, ինչը և արեցինք: ԱԳՆ-ից, սակայն, MediaHub-ի հարցմանը արձագանքեցին.
«Այս պահին հավելյալ մեկնաբանություն չունենք. ինչպես գիտեք դեսպանների հետ կանչը կամ նշանակումը գործընթաց է, որի վերջնարդյունքի մասին պաշտոնապես հանրային իրազեկումն ապահովում ենք ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի հրապարակման ժամանակ»,- ասաց գերատեսչության խոսնակ Անի Բադալյանը:
Նշենք, որ ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Տևական ժամանակ համառ լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է Վաղարշակ Հարությունյանից, սակայն քանզի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները այնքան էլ հարթ ընթացք չունեն, իսկ իր թիմակիցների շրջանում քչերն են, որ Մոսկվան կհամաձայնի ագրեմանը հաստատել, ապաև չէին փոխում:
Վաղարշակ Հարությունյանը դեսպան է նշանակվել 2022 թվականի հունվարի 5-ին, դեսպան նշանակվում են չորս տարի ժամկետով: Սա նշանակում է, որ դեսպանի պաշտոնին հրաժեշտ տալուն մնացել է կարճ ժամանակահատված, և տևական ժամանակ շրջանառվում է, որ Փաշինյանն ունի իր թեկնածուն՝ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Ճիշտ է, MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ Մոսկվան բավականին երկար ժամանակ չէր հաստատում նրա ագրեմանը` հաշվի առնելով նաև լարված երկկողմ հարաբերությունները, սակայն ի վերջո Արսենյանի ագրեմանը հաստատվել է: Եվ եթե ժամանակից շուտ Հարությունյանին ասեն ճամպրուկը հավաքիր, ապա շուտով Գուրգեն Արսենյանը պատգամավորական մանդատը վայր կդնի և կմեկնի ՌԴ:
Ի դեպ, Վաղարշակ Հարությունյանը վերջին օրերին աչքի էր ընկել իր քաջագործություններով. մինչ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, Երևանի վարչական շրջաններից մեկի ղեկավարն Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելում է Բուչա, որից հետո ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին, Վաղարշակ Հարությունյանը շտապեց ուկրաինական հրթիռակոծությունից տուժած Բելգորոդ, որտեղ, ըստ էության, դատապարտեց բնակելի շենքի վրա հարձակումը: Մասնավորապես, լրագրողների հետ ճեպազրույցում դեսպան Հարությունյանը ցանկություն էր հայտնել, որ այս ամենն արագ ավարտվի։
Այս ամենի խրոնոլոգիային հետևելով, կարելի է ենթադրել, որ Փաշինյանը նորից փորձում է երկու աթոռի վրա նստած մնալ, սիրաշահել և՛ Արևմուտքին՝ ցույց տալով, թե Ուկրաինայի հարցում ՌԴ դաշնակիցը չէ, և՛ Մոսկվային՝ ցույց տալով, թե, այնուամենայնիվ, դատապարտում է Կիևի գործելաոճը: