Կրակը շարունակում է մոլեգնել ԱՄՆ-ում․ հրդեհավտանգ գոտում արտակարգ դրություն է հայտարարվել

Կրակը շարունակում է մոլեգնել ԱՄՆ-ում․ հրդեհավտանգ գոտում արտակարգ դրություն է հայտարարվել

Անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել Միացյալ Նահանգներում։ Այնտեղ ապրող մեր հայրենակիցները MediaHub-ին փոխանցեցին, որ կրակը տեղափոխվել է նաև քաղաքներ, այրվել են մոտ 1000 բնակելի տուն, շենք-շինություններ։ Այս պահին հայտնի է 5 մահվան դեպքի մասին, որոնք չեն տարհանվել և դարձել են կրակի զոհ։ Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել։ 

Նախնական խոսվում է շուրջ 60 մլրդ դոլարի վնասի մասին:

«Մեզ տարհանել են քաղաքի կենտրոնական թաղամաս, այնտեղ համեմատաբար ավելի ապահով է։ Այս պահին ոստիկանների ուղեկցությամբ ընդամենը 10 րոպեով թույլատրել են, որ տնից վերցնեմ անհրաժեշտ մի քանի իր ու վերադառնամ ճամբար, քանի որ մեր թաղամասը ամենավտանգավորն է՝ թե՛ որպես հրդեհավտանգ գոտի և թե՛ օդի աղտոտվածության առումով։ Տեղաշարժվում ենք միայն դիմակներով»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց լոսանջելեսաբնակ Թովմաս Առաքելյանը։ 

Հրդեհի գոտուց տարհանվել է ավելի քան 70 հազար մարդ։ Նախնական տվյալներով զոհերի թվում հայեր չկան։ Փոխարենն այրվել է  1980 թվականին հիմնադրված «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի շենքը, որը գտնվում է Ալթադենայում։ 

«Իրավիճակը ծայրաստիճան ահավոր է։ Ամեն րոպե քաղաքի բնակելի հատվածներում կրակի նոր օջախ է հայտնաբերվում։ Ապահով ու անվտանգ վայրեր չկան»,- հավելեց մեր զրուցակիցը։

MediaHub-ը հետևում է Կալիֆորնիա նահանգում այս րոպեներին տեղի ունեցող զարգացումներին, մենք կապի մեջ ենք մեր հայրենակիցների հետ և պարբերաբար կտեղեկացնենք, թե ինչպիսին է իրավիճակը:

Հունան Թադևոսյան