Զինվորները մահացել են շմոլ գազից․ միջնորդել են դատաբժշկական նոր փորձաքննություն նշանակել

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհից 4 ամիս անց նոր զինվորների մահվան նոր հանգամանքներ են ի հայտ գալիս։
Դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները մահվան երկու պատճառ են ի հայտ բերել՝ բաց, խորը այրվածքներ եւ շմոլ գազի թունավորում։ Այն, որ հրդեհի ժամանակ զինվորները չեն կարողացել շարժվել, հաստատում են եւ՛ կապիտան Եղիշե Հակոբյանի փաստաբանը, եւ՛ զոհվածների ծնողների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։ Հենց այս իրողությունն է, որ իրավապահ մարմիններում քննության առարկա է դարձրել նաեւ հակառակորդի զինված ուժերի մասնակցության վարկածը։
Նորայր Նորիկյանը MediaHub-ի հետ զրույցում շեշտում է՝ վարույթի ընթացքը, քննության որակը չի գոհացնում զոհվածների ծնողներին, այն պարզ պատճառաբանությամբ, որ դեպքից անցել է շուրջ 4 ամիս, իսկ մենք դեռ չգիտենք, թե ինչն է դարձել զինվորների մահվան պատճառը։ Մի քանի փորձաքննությունների եզրակացությունները դեռ չկան։ Երբ պարզ է դարձել, որ զինվորները մահացել են շմոլ գազից, տուժողների իրավահաջորդները միջնորդել են՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակել։ Ընթացքի մեջ են հրդեհատեխնիկական եւ պայթյունատեխնիկական համալիր փորձաքննությունները։
Նորիկյանը պատմեց, որ զինվորական դատախազի հետ հանդիպման ժամանակ խոսվել է բազմաթիվ վարկածներից։ Ասում է՝ ակնհայտ է մի բան՝ հրդեհից առաջ զինվորները պարզապես ի վիճակի չեն եղել տարածքից հեռանալու։ Դրանից կարելի է եզրակացնել, որ նրանք կա՛մ զոհված են եղել, կա՛մ գիտակցություն չեն ունեցել։
«Թե այս փուլում կոնկրետ ո՞ր վարկածների շուրջ է քննություն տարվում, ես տեղեկություն չունեմ։ Ենթադրվում է, որ հնարավոր բոլոր վարկածների վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը պետք է իրականացնի քննություն՝ դրանք հերքելու կամ հաստատելու համար։ Հիմա պետք է հասկանալ՝ այդ հրդեհը դիտավորյա՞լ է արվել՝ հետքեր թաքցնելու համար, եւ ի՞նչ է տեղի ունեցել հրդեհից առաջ։ Մենք միջնորդել ենք, որ տարանջատեն՝ հրդեհից առաջ շմոլ գազ եղե՞լ է տարածքում, թե ոչ, շմոլ գազից են թունավորվել, թե՞ հրդեհից։ Դեռեւս այս հարցերը տարանջատված չեն»,-ասաց զոհվածների ծնողների լիազոր ներկայացուցիչը։
Հրդեհի բռնկման պատճառ հանդիսացած կապիտան Եղիշե Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանն էլ է ասում՝ թե ինչու չեն կարողացել զինվորները շարժվել, դեռ քննությունը չի պարզել։ Ինքն էլ է ենթադրում, որ քննություն է տարվում նաեւ հակառակորդի մասնակցության մասով․
«Որովհետեւ իրենց մոտ էլ կառաջանան այն հարցերը, որոնք մեզ մոտ են առաջացել։ Թե՛ դիակների դատաբժշկանան փորձաքննությունների եզրակացությունները, թե՛ Եղիշեի ցուցմունքն ու գործի տվյալները խոսում են այն մասին, որ զինվորները չեն կարողացել շարժվել, ինչի հետեւանքով մահացել են»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ մինչ հրդեհի հանգամանքներն ու զինվորների մահվան պատճառը պարզելու համար ձեռնարկված քննությունը կսկսվեր, Փաշինյանն այդ օրն առավոտյան կառավարության նիստում՝ ողբերգությունից ընդամենը ժամեր անց, հայտնեց.
«Բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, մեծ հավանականությամբ՝ ոչ դիտավորյալ»։
Դեպքի առնչությամբ Փաշինյանի կանխակալ հայտարարությունը, ըստ Եղիշե Հակոբյանի փաստաբանի, կարող է ազդեցություն ունենալ իրավապահ մարմինների աշխատանքի վրա։
Նշենք, որ օրեր առաջ հրդեհից զոհված զինվորների ծնողները փակ հանդիպում են ունեցել Փաշինյանի հետ, իսկ թե ինչ են քննարկել հանդիպման ժամանակ՝ գաղտնի են պահում թե՛ ծնողները, թե՛ նրանց լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
Լիա Սարգսյան