Վտանգավոր հայտարարություններ՝ Բրյուսելից ու Վաշինգտոնից

Հունիսի 1-ին Քիշնևում, ԵՄ քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսված Փաշինյան- Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հանդիպումից առաջ, հայտարարություններ են տարածել ԵՄ-ն ու ԱՄՆ Պետական դեպարտամենտը:
Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել է, որ «հիմա վճռական նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը՝ նրանց իրավունքների և անվտանգության շուրջ»:
«Նախկին ԼՂԻՄ» ձևակերպումն ինքնին հուշում է, որ հնարավոր երկխոսությունը լինելու է ասիմետրիկ, չի շոշափելու ԼՂ սուբյեկտության օրակարգը ու մեծ հաշվով՝ տեղավորվելու է Բաքվի, այսպես ասած, ինտեգրացիայի կամ ռեինտեգրացիայի քաղաքականության համատեքստում:
ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության տեքստում առհասարակ բացակայում է ԼՂ-ի մասին հիշատակումը ու երախտագիտություն է հայտնվում «վարչապետ Փաշինյանին խաղաղությանը նվիրվածության համար» և ողջունվում են «նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներման քննարկման վերաբերյալ»։
Փաստորեն, դեռ պետք է գոհ լինենք Ալիևից, որ նա պատրաստվում է համաներել ԼՂ ժողովրդին ու ղեկավարությանը:
Արցախը կանգնած է հայաթափության իրական վտանգի առաջ ու սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի «տաղանդավոր» դիվանագիտության ու մեր արևմտամետների «առասպելների» մասին:
Վահրամ Բագրատյան