Միկա Բադալյանը շարունակելու է մնալ հիվանդանոցում․ պաշտպան

Հասարակական գործիչ, բլոգեր Միքայել Բադալյանը այսօր ազատ կարձակվի։ Լուրը MediaHub.am-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Մենք գրավի մուծման անդորագիրը տվել ենք քրեակատարողական հիմնարկին, բայց ըստ նոր օրենսդրության՝ քննիչը պետք է գրություն կազմի ազատ արձակելու մասին, որից հետո նոր Բադալյանը կհամարվի լիարժեք ազատ արձակված։ Դա, հավանաբար, կլինի այսօրվա ընթացքում։ Բայց ազատ արձակվելուց հետո էլ նա շարունակելու է մնալ հիվանդանոցում՝ ստանցիոնար բուժման համար։ Նրա՝ հիվանդանոցում մնալն անհրաժեշտություն է»,- նշեց Ալեքսանյանը։
Պաշտպանի խոսքով՝ մինչ այս Միքայել Բադալյանը առողջական որևէ գանգատ չի ունեցել։ Խնդիրներն առաջացել են կալանավորվելուց հետո։
«Բանտի պայմաններն անհամեմատելի են քաղաքացիական կյանքի պայմանների հետ։ Հիմա չեմ կարող ասել՝ ինչով էր պայմանավորված, բայց փաստն այն է, որ մենք նման խնդրի առջև ենք կանգնել նրա` ՔԿ-ում գտնվելու ժամանակահատվածում, այլ ոչ թե քաղաքացիական կյանքում»,- նկատեց Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ երեկ Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր և նրան նախաինսուլտային վիճակում տեղափոխել էին Հանրապետական հիվանդանոց:
Դրանից ժամեր անց դատարանը բավարարեց պաշտպանների ներկայացրած հրատապ միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ հաշվի առնելով առողջական վիճակը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը՝ Բադալյանին 6 մլն գրավի դիմաց ազատ արձակելով։