Կլոր կնիքը հանեցին, ՀՀ քաղաքացիների վճարված գումարները փոշիացան

2023 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարությունն ընդունել է փոփոխություններ կատարելու վերաբերյալ համապատասխան որոշում, համաձայն որի՝ 2024 թ. հուվարի 1-ից ՀՀ տարածքից դուրս գալու համար ՀՀ քաղաքացիները ազատվում են իրենց անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում կատարելու պահանջից։ Այլ կերպ ասած՝ կլոր կնինքն այլևս անհրաժեշտություն չէ:
MediaHub-ը ընթերցողներից ահազանգեր է ստացել, քանի որ հազարավոր մարդիկ վճարել են գումար այդ կնիքի համար, բայց, փաստացի, այդ գումարը փոշիացել է: Օրինակ, մեզ ահազանգած քաղաքացիներից մեկը նշեց, որ ընդամենը երկու տարի առաջ անձնագիրը փոխելիս միանգամից 10 տարվա համար է վճարել՝ 10.000 դրամ, կան մարդիկ, որ միանգամից 3-5 տարով են վճարում արել և ժամկետը դեռ չի լրացել, և այլն։ Այսինքն՝ եթե չասենք հարյուր հազարավոր, ապա տասնյակ հազարավոր քաղաքացիներ վճարել են մի ծառայության համար, որից չեն օգտվելու, իսկ գումարը վերադարձվելո՞ւ է:
Արդյո՞ք պատրաստվում են վերադարձնել այդ գումարները քաղաքացիներին (չնայած հարցադրումը անելուց էլ, ինչ խոսք, հասկանում էինք, որ ոչ մի վերադարձ սպասել պետք չէ)․ այս հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանի հետ։
Վերջինս նշեց, որ հատուկ իրավակարգավորում այդ մասով չկա նախատեսված։
«Այն պահին, երբ որոշման նախագիծը շրջանառվել է, այդ պահից սկսած բոլոր անձնագրային ծառայությունները ՀՀ տարածքում ստացել են ցուցում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականացումը անել ոչ ավել, քան մեկ տարին է։ Այդ սկզբունքով աշխատել ենք մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Իսկ մնացած հատվածներով որևէ բան նախատեսված չէ»,- ասաց Դավթյանը։
Հարցին, թե 3 ամիս առաջ անձնագիր ստանալու դեպքում ի՞նչ տեղի կունենար, Դավթյանը պատասխանեց, որ խորհուրդ էին տալու մեկ տարով կնիքը դնել, բայց կան քաղաքացիներ, որ մինչև հիմա էլ պահանջում են այն՝ պնդելով, որ օտար պետություններում այն օգնում է իրենց ինչ-որ գործաք կատարել կամ կացության կարգավիճակ ստանալ։
«Քաղաքացու իրավունքն էր կնիքի համար վճարել և ստանալ այն տարիների քանակով, որքան ինքը ցանկանում էր։ Այն պահին, երբ մշակվեց այդ նախագիծը, մենք սկսեցինք զգուշացնել քաղաքացիներին, որ մեծ հավանականությամբ հունվարի 1-ից դա այլևս ակտուալ չի լինի, և խորհուրդ էինք տալիս ունենալ կնիք մեկ տարով, իսկ նախագծի հաստատումից հետո ցուցումը այն էր, որ մեկ տարով ծառայություն մատուցվի»,- ասաց նա։
Եզրափակելով՝ Դավթյանն ասաց, որ այժմ իրենք ստանում են գրավոր դիմումներ, որով քաղաքացիները պահանջում են կնիք դնել իրենց անձնագրերում, բայց շեշտեց, որ այլևս այդ ծառայությունը չի մատուցվում։
Ստացվում է, որ ունենք հետևյալ պատկերը. քաղաքացիները, որոնք միանգամից մի քանի տարվա համար են վճարել և այժմ կնիք ունեն իրենց անձնագրերում, ուղղակի այդ գումարը քամուն են տվել: Եվ միայն այն բանի համար, որ շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում անձնագրայիններում՝ անվերջանալի հերթեր, մի քանի պատուհաններից միայն մեկ-երկուսի աշխատանք և այլն:
Բայց այդ քաղաքացիներին, բնականաբար, պետությունը ոչ մի դրամ վերադարձնելու մտադրություն անգամ չունի...
Մարիաննա Արամյան