Վտանգավո՞ր է արդյոք ձու և խոլեստերինով հարուստ մթերքներ ուտելը

Այն միտքը, որ խոլեստերինը կապված է սրտի հիվանդությունների հետ, նորություն չէ ոչ մեկի համար: Գրեթե բոլորը լսել են արյան մեջ այսպես կոչված «վատ խոլեստերինի» մասին։ Սակայն մեր սննդակարգում խոլեստերինի վնասակարության հարցը այնքան էլ պարզ չէ։
Խոլեստերինն անհրաժեշտ է օրգանիզմին։ Այն հանդիպում է կենդանական սննդի մեջ (դիետիկ խոլեստերին)՝ ձու, կարագ, միս, ծովախեցգետին։ Բացի այդ, լյարդը կարող է սինթեզել այն անհրաժեշտ քանակությամբ։
Ենթադրվում է, որ մարդկանց զգայունությունը սննդային խոլեստերինի նկատմամբ կարող է տարբեր լինել: 1991 թվականին գիտնականները նկարագրեցին 88-ամյա մի տղամարդու, ով օրական ուտում էր 25 ձու և աթերոսկլերոզի նշաններ ցույց չէր տալիս: Սակայն նման արձագանքը կարելի է բացառիկ համարել՝ ի վերջո սննդային խոլեստերինը կարող է բարձրացնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը։
1965 թվականին Հարվարդի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որն այսօրվա չափանիշներով էթիկական չէ: Հոգեկան հիվանդ մարդկանց վրա կատարած փորձի ժամանակ նրանք պարզել են, որ հագեցած ճարպերն ավելի մեծ ազդեցություն են ունենում արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա, քան բուն սննդային խոլեստերինը: Այս բացահայտումները հաստատում են ավելի քիչ արմատական հետազոտություններ:
Խոլեստերինի վտանգի մասին գիտական ապացույցները մնում են հակասական: Անհատական հետազոտությունների տվյալները կարող են հուսահատեցնող լինել նրանց համար, ովքեր սիրում են ձու ուտել: Օրինակ, 2019-ի վեց ուսումնասիրությունների վերլուծությունը ցույց է տվել, որ սննդային խոլեստերինը կապված է սրտի հիվանդության և դրանից մահանալու ռիսկի հետ: Ընդհանուր առմամբ, սակայն, ուսումնասիրությունները խառն են, ինչը դժվարացնում է եզրակացություններ անելը:
PLoS Medicine-ում հրապարակված հետազոտության հեղինակները կարծում են, որ սննդակարգում խոլեստերինի և հատկապես ձվի դեղնուցի սահմանափակումը պետք է նվազեցնի մահվան ռիսկը:
Նախկինում հայտնի էր, որ մեծ քանակությամբ ձու և սննդային խոլեստերինի օգտագործումը կապված է անառողջ ապրելակերպի հետ: Հետեւաբար, սննդակարգում ձվի «ազդեցությունը» կարող է պայմանավորված լինել այլ գործոններով: Նրանք, ովքեր ավելի շատ ձու են ուտում, ավելի հավանական է, որ ուտում են ավելի շատ յուղոտ սնունդ և քիչ առողջ սնունդ (բանջարեղեն, մրգեր):
«Չնայած երկար տարիների հետազոտություններին, սննդակարգում ձվի և առողջության մասին հարցը մնում է անպատասխան: Բազմաթիվ համաճարակաբանական հետազոտություններ տվել են հակասական արդյունքներ, որոնցից ոմանք ենթադրում են, որ չափավոր քանակությամբ ձվերը օգտակար են, մյուսները, որ դրանք կարող են վնասակար լինել», - ասում է Ռիյազ Պատելը Լոնդոնի համալսարանական քոլեջից: