«Նախկինների» դղյակներն է հիշել, որտե՞ղ է ապրում նա, ՔՊ-ն հակապետական քարոզ է անում․ Մամուլը՝ սուրճով

«Նախկինների» դղյակներն է հիշել, որտե՞ղ է ապրում նա, ՔՊ-ն հակապետական քարոզ է անում․ Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Գուցե թիվ 1 հեծանիվը վնասվել է, գուցե ոտնակն է փչացել, իսկ հնարավոր է՝ մեկ այլ պատճառով Փաշինյանը երեկ վերստին ֆեյսբուքյան ակտիվության բռնկում ունեցավ: Ուրեմն, դրել ու Հայաստանի Հանրապետության անունից կոչ է ուղղել «հպարտ քաղաքացիներին»: Կոչը միանգամայն փաշինյանական է. «Այստեղ հաց, այստեղ կաց»: Դա քիչ համարելով՝ մի հատ էլ գրառման ներքո մեկնաբանել է. «Հաց բառը տվ յալ տեքստում կարելի է ընկալել որպես բայ»: Հա, հենց այդպես՝ բայ: Ինչ-որ մեկը Փաշինյանին թյուրիմացության մեջ է գցել: Հա, նախօրոք նշենք. տեսել ենք, որ երևի կանխատեսելով ծաղրական ակնարկները՝ Փաշինյանը մի առանձին ստատուսային տրակտատ էլ գրել էր «հացել» (ճաշելու իմաստով) բայի գոյության մասին: Բայց հայոց լեզվի իմացության հարցը դնենք մի կողմ, դա էական չէ:

Էական չէ նույնիսկ այն, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նման բաներ անում. դրան առանձին անդրադարձել ենք՝ նշելով, որ նրան ու իր թիմին պետք է «քլնգոց ուտել» մանր-մունր բաների համար, որ խոշոր մեղքերի համար, իր խոսքերով ասած, իրենց «դավաճան չասեն»: Այստեղ այլ՝ ոչ պակաս էական հանգամանք կա: Փաստացի «որտեղ հաց, այնտեղ կաց» անընդունելի ասույթը մի փոքր ձևափոխված «այստեղ հաց, այստեղ կաց»-ը պարզ ստամոքսամտության ճիչ է: Ավելին, սա հենց ստամոքսամտություն է՝ հասցված «պետական գաղափարախոսության» մակարդակի: Ավելի ստույգ՝ սա ծաղր է հայ ժողովրդի, հայ հասարակության, «հպարտ քաղաքացիների» հանդեպ: Ու սա նորություն չէ: Տեսեք, թե՛ իր պաշտոնավարման ամբողջ շրջանում, թե՛ հատկապես այս վերջին շրջանում Փաշինյանը և նրա քպականները հետևողականորեն քարոզում են, որ Հայաստանում բնակվողները գոյություն ունեն բացառապես օրվա հացի, կուշտ փորով ուտելու և էլ ոչ մի բանի մասին չմտածելու համար:

«Փորներս կուշտ լինի, տակներս՝ չոր, մնացած ամեն ինչի հերն էլ անիծած»: Սա՛ է փաշինյանական գաղափարաբանությունը: Ու մարդիկ, որոնց կրեդոն որկորն է, ստանալով իշխանություն, նպատակադրված քարոզ են տանում, թե մարդը սոսկ կենսաբանական օրգանիզմ է: Այս դեպքում՝ կոնկրետ՝ Հայաստանում ապրողները, որոնց պետք է հուզի բացառապես հացը: Ուրիշ ոչինչ: Ըստ որում, Փաշինյանն իրեն նեղություն էլ չի տալիս՝ մտածելու համար, որ խոսում է հացից, գործնականում ստամոքսապաշտությունից այն դեպքում, երբ հենց ինքը, իր վարած «քաղաքականությունը» հարյուր հազարավոր հայ մարդկանց զրկել է բնօրրանից, սեփական հողի վրա հաց ստեղծելու հնարավորությունից, ոչ պակաս հազարավորներին՝ հենց մի կտոր հացից: Թե բա՝ «այստեղ հաց, այստեղ կաց»:

Այսինքն, եթե այստեղ հաց՝ չիք, ինչ տուն, ինչ հայրենիք: Սա է որկորային մահացու «գաղափարախոսությունը»:

Հ.Գ.-Ի դեպ, Փաշինյանը նաև մի «ուղերձ» էր հղել: Պրոբլեմների մասին: Թե բա՝ թիվ մեկ, թիվ երկու, թիվ երեք: Չէ, այստեղ ասելիք չկա էլ: Երևի թե միայն մեկ բան. մեր երկրում միակ պրոբլեմն արդեն տևական ժամանակ Հանրապետության հրապարակում է...

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ալեն Սիմոնյանը երեկ ԱԺ ամբիոնից կրկին «միացրեց հին սկավառակը» եւ խոսեց «նախկինների» կառուցած դղյակների մասին՝ չհիշատակելով իր ունեցվածքը: Սա եւս մեկ առիթ տվեց՝ հիշելու, թե ԱԺ նախագահ դառնալուց հետո ՀՀ երկրորդ պաշտոնյան ինչ ունեցվածք է կուտակել իր կամ իրեն փոխկապակցված անձանց անունով:

Գտել ենք Ալեն Սիմոնյանի կողմից շահագործվող դղյակը: Հիշեցնենք՝ մամուլը բազմիցս գրել է, որ Ալեն Սիմոնյանի մայրն ու եղբայր Կառլեն Սիմոնյանը 2020 թվականին` պատերազմից մեկ ամիս առաջ՝ օգոստոսին, Ջրվեժում եռահարկ առանձնատուն են ձեռք բերել 215 հազար դոլարով։ Գնելուց հետո` Սիմոնյանները շքեղ վերանորոգել են այն:

Թեեւ երեկ Ալեն Սիմոնյանը փորձում էր հերքել իր առնչությունը դղյակի հետ, այնուամենայնիվ, ապացուցող լուսանկարներ կան, որ Ալեն Սիմոնյանը փաստացի բնակվում է հենց Ջրվեժի առանձնատանը, որին կից տեղադրված է ոստիկանական պահակակետ, ուր շուրջօրյա հսկողություն է իրականացվում։ Կադրերում երեւում են նաեւ հենց Ալեն Սիմոնյանին սպասարկող ավտոմեքենաները:

Բացի Ջրվեժի առանձնատնից՝ Ալեն Սիմոնյանը 2022 թվականի ընթացքում բնակարան է ձեռք բերել Երեւանի Արշակունյաց պողոտայում կառուցվող Բյուրեղ բնակելի թաղամասում։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Ալեն Սիմոնյանի՝ 2022 թվականի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագրից. 53 մլն 920 հազար դրամը նշված է որպես բնակարանի ձեռքբերման գործարքի արժեք։ Բնակարանի գնման համար Ալեն Սիմոնյանն ու իր կինը՝ Մարիամ Մարգարյանը, հիփոթեքային վարկ են վերցրել ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկից». վարկի գումարը կազմել է 48 մլն 325 հազար դրամ:

Իսկ մինչ պաշտոնյա դառնալը Ալեն Սիմոնյանն ուներ ընդամենը 1 բնակարան»:

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Իշխող ֆրակցիան աշնանային նստաշրջանի մեկնարկը նշանավորեց հակաարցախյան հայտարարություններով, ամենաբարձր՝ ԱԺ խոսնակի մակարդակով Արցախի եւ արցախյան հատկապես քաղաքական վերնախավի դեմ հայտարարություններ, զազրախոսություններ, սպառնալիքներ հնչեցին խորհրդարանում: Ոչ միայն Արցախի օրը չնշեցին, չշնորհավորեցին, ոչ միայն մեր երկրի արտաքին խնդիրներով, պարզվեց, հետաքրքրված չեն, այլ նորից զբաղված են հայ ժողովրդին պառակտելով: Այս հակաարցախյան գրոհը, թերեւս, պայմանավորված է արցախցիների վերջին շրջանի ակտիվությամբ։ 

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության հռչակման օրը, ԱՀ քաղաքական վերնախավի ներկայացուցիչները կոշտ քննադատություններ հնչեցրին Փաշինյանի եւ ՀՀ իշխանությունների հասցեին, դրանից հետո էլ, ասես պայմանավորված, օրը մեկը եթեր է գնում եւ հակադարձում փաշինյանական կեղծ թեզերին, թե Արցախում կազմակերպված հեղաշրջում է եղել, որ հանձնեն, եւ հանձնման մեղավորը Սամվել Շահրամանյանն ու իրեն աջակցած քաղաքական ուժերն են։ Սեպտեմբերի 7-ին էլ «Երազ» այգում արցախցիների համար միջոցառում էր կազմակերպած՝ «Մենք ենք, մեր Արցախը» խորագրով, որին ավելի քան 20 հազար արցախցի էր մասնակցում։ 

Հավանաբար, արցախցիների ակտիվությունը նյարդայնացրել է վարչակարգին, եւ սրանով է պայմանավորված, որ շաբաթ օրվա միջոցառմանը «Երազ» այգու հարակից սրճարանները մինչեւ անգամ հրաժարվել են զուգարան տրամադրել միջոցառման մասնակից արցախցի տարեցներին ու երեխաներին: Սակայն իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ խնդիրը միայն այդ ակտիվությունը չէ, այլ հակաարցախյան շեշտադրումներն ասպարեզ բերելը քաղաքական հաշվարկ է՝ ՔՊ-ի նախընտրական քարոզչական գլխավոր թեզերից մեկը, որը թմբկահարելու են առաջիկա նախընտրական ժամանակաշրջանում՝ այդպիսով լեզվակռվի մեջ ներքաշելով Արցախն ու արցախցիներին պաշտպանող բոլոր քաղաքական ուժերին: Նախորդ ընտրությունների հակահերոսը նախկին իշխանություններն էին, հաջորդինը կլինեն արցախցիները, որոնց կմեղադրեն Հայաստանի եւ հայ ժողովրդի բոլոր ողբերգությունների մեջ: Իսկ Արցախ վերադարձի մասին խոսողներին էլ ռեւանշիստ ու պատերազմի հրձիգներ կներկայացնեն։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրինակ, ասաց, որ պետք է լուծարել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը եւ վերանայել Երեւանում Արցախի ներկայացուցչության շենքի նշանակությունը։ «Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ լրջորեն քննարկենք՝ այդ ֆորմատն այլեւս չեղարկելու, որովհետեւ ԼՂ-ի, Արցախի պաշտոնյա այլեւս գոյություն չունի, եւ նման կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում որեւիցե մեկն այլեւս չունի»,- ասաց ԱԺ նախագահը խորհրդարանի դահլիճում, երբ ընդդիմադիրները հետաքրքրվում էին, թե ինչու միջխորհրդարանական նիստ չի հրավիրում։ Ապա ինքնակամ նետվեց լրագրողների գիրկը, որ շարունակի հակաարցախյան գիծը՝ շարունակելով դահլիճում ասածները։

Իսկ ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանի երեկվա վտանգավոր հայտարարությունը, ըստ որոշ տեղեկությունների, բուռն քննարկումների առիթ է դարձել ԱԳՆ-ում։ Հովհաննիսյանը որպես արցախցիների բռնի տեղահանման հիմք ներկայացրել էր Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագիրը, այն պարագայում, երբ պաշտոնական Երեւանը բոլոր միջազգային հարթակներում Ադրբեջանին է մեղադրում արցախցիների գաղթի համար։ Արթուր Հովհաննիսյանը, երեկ դիմելով ընդդիմադիրներին, հայտարարեց․ «Եթե դուք ասում եք, որ Արցախի լուծարման թուղթը վավեր չէ, ինչո՞ւ էիք ամեն ինչ անում, որ Արցախի ժողովուրդը դուրս գա Արցախից, ասեիք՝ վավեր չէ»: «Եկել ասում եք՝ այդ փաստաթուղթը վավեր չի, բայց այդ փաստաթուղթը ստորագրելու հիմքով Արցախի ժողովուրդը բռնի տեղահանվել է ձեր գործողությունների արդյունքում»,- շեշտեց ՔՊ-ականը։

Մինչդեռ անգամ Նիկոլ Փաշինյանը 2023 թ. հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարել է, որ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների հետեւանքով են 100 հազար արցախցիներ ստիպված տեղահանվել Հայաստան։ «Նմանօրինակ ամենաթարմ եւ ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ հարձակում իրագործեց Լեռնային Ղարաբաղի վրա: Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում»,- հայտարարել էր Փաշինյանը։