Գերեվարվածների դատավարությունը կշարունակվի հունվարի 27-ին, չի բացառվում բախտորոշ որոշում կկայացվի

Բաքվում շարունակվում է 2023 թվականին Արցախից գերեվարվածների ու պատանդառվածների դատավարությունը։ Նրանց մեջ է նաև Ասկերանի Ներքին Սզնեքի բնակիչ Դավիթ Ալավերդյանը։
Մայրը՝ Դարիկո Ալավերդյանը MediaHub-ին պատմեց, որ դատավարության ընթացքին հետևել են ադրբեջանական լրատվամիջոցներով, տեսել որդուն, հաջորդ օրը խոսել նրա հետ։
«Չգիտեմ ով, ինչպես, բայց ես զգում եմ, որ Դավիթս և մյուս գերեվարվածներն անպայման վերադառնալու են։ Չեմ ցանկանում որևէ մեկը զգա այն տառապանքները, որ մեկ տարի 4 ամիս մենք ենք ապրում։ Մի կողմից կարոտն ու սպասումը, մյուս կողմից` հավատն ու հույսն են ուղեկցում մեզ»,-ասաց տիկին Դարիկոն։
Դավիթն իր 3 համագյուղացիների հետ գերեվարվել է Ասկերանի վերին ենթաշրջանից, ավելի ուշ ծնողները Բաքվից զանգ են ստացել, իմացել, որ նա ևս գերության մեջ է։
«Գոնե զանգելու, մեզ հետ մշտապես կապը պահելու հնարավորություն է ընձեռվել։ Զանգերի ընթացքում մենք շատ հարցեր չենք տալիս, որ իր համար էլ հարմար լինի պատասխանել։ Կարևորը ասում է, որ լավ է, հուսադրում է, որ չանհանգստանանք։ Դատավարության կադրերում տեսքը վատ չի եղել։ Գիշեր-ցերեկ աղոթում եմ, որ Դավիթս ու մյուս գերեվարվածներն Աստծո հրաշքով տուն վերադառնան»,-նշեց մայրը։
Հաջորդ դատավարությունը կկայանա հունվարի 27-ին և, հավելեց մեր զրուցակիցը, չի բացառվում, որ այդ օրը բախտորոշ որոշում կկայացվի։
Հունան Թադևոսյան