Վրաստանը չպետք է մոռանա, Ադրբեջանը չպետք է չարաշահի. ինչպե՞ս կեղծ թեզերի դեմն առնել

Երկու օր առաջ Թբիլիսիում տեղի է ունեցել «Արևմտյան Ադրբեջանի» թեմայով համաժողով և ցուցահանդես։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» թեզը` դուրս բերելով այն նաև միջազգային ասպարեզ: Իսկ Հայաստանը լռում է, թեև փատացի գործ ունենք ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգության դրսևորման հետ ՀՀ բարեկամ երկրի տարածքում։
Ի՞նչ պետք է անել, որ հարևան երկիրը իր տարածքում ակնհայտ կեղծ քարոզչական մոտիվներով համաժողով չանցկացնի․ այս մասին MediaHub-ը զրուցեց վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։
«Ադրբեջանն անում է այն, ինչ պետք է անի և շարունակում է հակահայկական պրոպագանդան։ Այս ամենը ապացույց է, որ Բաքվում չեն պատրաստվում քաղաքականության փոփոխության»,- ասաց նա։
Փորձագետի խոսքով` Վրաստանում սխալ ընկալում կա տերմինի պահով՝ «Western Azerbaijan» կամ «Արևմտյան Ադրբեջան», քանի որ ժամանակին որոշ իրանական տարածքներն են դրա մեջ եղել։
-Ընդ որում,- նշեց նա ,- սա առաջին միջոցառումը չէ, և այս ամենը ցույց է տալիս, որ ունենալով լավ բարիդրացիական հարաբերություններ Վրաստանի հետ Ադրբեջանը որոշ սահմաններն է հատում և միգուցե բարիդրացիական մոտեցումը ինչ-որ մասով չարաշահում է:
Ըստ Մելիքյանի` այս ամենի մասին տեղեկատվությունը պետք է հասնի Վրաստան և Վրաստանի որոշ հատուկ ծառայություններ ուշադրություն պետք է դարձնեն, որպեսզի ապագայում այսպիսի ֆորումներ տեղի չունենան, քանի որ Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի Վրաստանի հետ։
«Ղարիբաշվիլին խոսում է հայ-ադրբեջանական հարաբերություններում իրենց դերի մասին, միջնորդություն առաջարկում։ Ամենակարևորը այս պարագայում այն է, որ ունենալով միջնորդ դառնալու մոտեցումը, Վրաստանի մոտեցումը պետք է հավասարապես լինի։ Այսինքն՝ նույն վերաբերմունքը լինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նկատմամբ։ Եվ եթե Վրաստանը ցանկանում է շարունակել իր քաղաքականությունը և միջնորդություն առաջարկել, ապա շատ կարևոր է, որ այսպիսի միջոցառումներ տեղի չունենան»,- ասաց վրացագետը։
Ըստ մեր զրուցակցի` այս ցանկությունը պետք է տեղ հասնի, և ապագայում որևէ մեկը չունենա գայթակղություն այսպիսի միջոցառում կազմակերպելու: Նա նաև հույս հայտնեց, որ իշխանությունների կողմից գնահատական կլինի, ինչը կբերի նրան, որ ապագայում թույլ չեն տրվի նման բովանդակությամբ միջոցառումներ Վրաստանի տարածքում։
Մարիաննա Արամյան