«Դավաճանություն կլինի, եթե Արցախի պատգամավորները չաշխատեն»

«Դավաճանություն կլինի, եթե Արցախի պատգամավորները չաշխատեն»

MediaHub-ն ավելի վաղ գրել էր, որ դեկտեմբերի 2-ին Արցախի խորհրդարանը նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել է հանձնախմբեր ստեղծելու հարցը։ ԱԺ-ն պաշտոնական հայտարարությամբ հանդես չէր եկել:

ԱՀ ԱԺ Արդարություն խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը, ըստ էության, չհերքեց մեր տեղեկությունը։

«Ոչինչ ասել չեմ կարող, նիստի բովանդակության մասով պաշտոնական հայտարարություն կլինի, այսօր կամ վաղը: Մինչ այդ որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող»,- ասաց նա։

Հարցին՝ ԱԺ-ն ամեն դեպքում շարունակելու է իր աշխատանքը, վերջինս պատասխանեց՝ իհարկե։

«Պատգամավորների կողմից դավաճանություն կլինի, եթե ԱԺ աշխատանքները չշարունակեն»,- նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ դեռ երեկ MediaHub-ը գրել էր՝ նիստի ընթացքում «Արցախի բնակչության կոլեկտիվ վերադարձի իրավունքների, մշակութային ժառանգության հարցերով հանձնախմբի» ստեղծումն ապահովվել է 22 կողմ քվեով, ձեռնպահ են մնացել Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավորները։ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի վարած նիստից հետո տարբեր կարծիքներ են հնչել, մասնավորապես այն մասին, որ այս հանձնախմբերի ստեղծումն ու աշխատանքը պետք է հնարավորինս թաքուն լինի, որովհետև Ադրբեջանի ցանկացած ագրեսիա ՀՀ իշխանությունները կապելու են արցախցի պատգամավորների նախաձեռնության հետ։ Որոշել են հնարավորինս զգույշ լինել այս թեմայով, չմեկնաբանել, չզրուցել լրագրողների հետ ու որևէ պարզաբանում չտալ։

Լիաննա Թորոսյան