Հայկ Մարությանը մանդատը չի դնում․ արտահերթ ընտրություններ են պետք․ Գրիգոր Երիցյան

Հայկ Մարությանը մանդատը չի դնում․ արտահերթ ընտրություններ են պետք․ Գրիգոր Երիցյան

Հայկ Մարությանի մանդատը վայր դնելու վերաբերյալ քննարկում չկա, նման որոշում էլ չկա, նա շարունակում է մնալ մեր ֆրակցիայի անդամ, ակտիվ մասնակցում է բոլոր քննարկումներին, բոլոր նիստերից առաջ որոշումները միասին ենք կայացնում, իրավական առումով նա իր աշխատանքը կատարում է։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։

-Եթե ակտիվ  աշխատում է, ապա ինչո՞ւ նիստերին չի ներկայանում։
-Այս ընթացքում ընդամենը երկու նիստ ենք ունեցել, այդ օրերին երկրում չի եղել, այդ պատճառով չի մասնակցել, աշխատանքային այցեր ուներ։ Այս պահին էլ ԱՄՆ-ում է, էլի աշխատանքային այցով, բայց կարծում եմ՝ առաջիկա նիստերից մեկին, գուցե այս տարվա վերջին նիստին կմասնակցի։ Հստակ չեմ ասում, բայց չմասնակցելու միտում չկա, զուտ զբաղվածության պատճառով չի մասնակցել, բայց խմբակցության նիստերին պարտաճանաչորեն մասնակցում է։

-Ինչպե՞ս է մասնակցում, եթե երկրում չէ։ 
-Ավագանու նիստի օրը երկրում չէր, զուտ աշխատանքային կարճ այցով էր մեկնել, հիմնականում այստեղ է լինում, լինում է նաև, որ օնլայն ենք միանում։ Երբ այստեղ չէ, օնլայն տարբերակն ենք օգտագործում։

-Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հայկ Մարությանն այս ընթացքում քաղաքապետարան չի եկել։
-Այո, այս ընթացքում քաղաքապետարան չի եկել և այնպես չէ, որ մենք ամեն օր ենք գնում քաղաքապետարան, ամիսը մեկ ենք գնում, այդ ավագանու նիստի օրը, մեծամասամբ։ Ընթացիկ աշխատանքները փորձագետներն են իրականացնում և քարտուղարը, հիմա թուղթ տանել-բերել պրակտիկա չկա, առցանց ենք աշխատում։

-Այս ընթացքում ավագանու աշխատանքներից արդյունավետություն տեսե՞լ եք, մյուս խմբակցությունների հետ կարողանո՞ւմ եք աշխատել։  
-Իմ կարծիքով՝ այս ավագանին արդյունավետ չի կարող աշխատել, նույնիսկ եթե շատ ցանկանանք, որովհետև դրա համար քաղաքական պայմանները ստեղծված չեն։ Մենք, որպես խմբակցություն, մի քանի անգամ կոչ ենք արել, որովհետև հակառակ դեպքում արդյունավետ կառավարում չի կարող լինել, անընդհատ ճգնաժամեր են լինելու և դրա ապացույցներն են նաև այն ընդհարումները, որոնք տեսնում է հանրությունը։ Ընդդիմությունը համագործակցելու պատրաստ չէ, իշխանությունը համագործակցելու պատրաստ չէ, նույնիսկ այն հանգամանքներում, երբ տեսնում են, որ իրենց ձայները բավարար չեն որոշում կայացնելու համար, բայց մեկ է՝ համատեղ աշխատանք ու կառավարում չեն տեսնում։ Ընդդիմության կարծիքի վրա թքած ունեն, ընդդիմության հետ աշխատել չկա, ինչ որոշում ուզում են, փորձում են անցկացնել՝ հաշվի չառնելով, որ մենք այդ որոշումը կարող ենք ցանկացած պահի արգելափակել։ Ընդդիմության մեջ էլ համագործակցություն չկա, որովհետև ընդդիմության մեջ տարբեր օրակարգեր, դիրքորոշումներ, հայացքներ են, միշտ չէ, որ կարողանում ենք կոնսենսուսի գալ։

-Ստացվում է՝ քաղաքապետարանը պետք է քանդել, զրոյից հավաքել։ 
-Այո, ես նկատի ունեմ, որ պետք է արտահերթի գնանք։ Այս իշխանությունը օրենքի տառին համապատասխան է ձևավորվել, բայց արդար չի ձևավորվել և չի ներկայացնում երևանցիներին։ Այս իշխանությունը վախենում է արտահերթից՝ գիտեն, որ ավելի քիչ ձայն են հավաքելու, քան հավաքել էին։ Այդքան ձայն ստացան, երբ Արցախի հանձնումը չէր եղել, հիմա, բնականաբար, մտահոգված են, որ դրա կեսն են ստանալու, դրա համար պետք է ձգձգեն, որ իշխանությունը պահեն իրենց ձեռքերում։ Արդար կլինի, որ ժողովուրդը գնա ընտրատեղամաս ու ընտրի, եթե նորից ՔՊ-ն ընտրվի, շատ լավ, մենք էլ ընդդիմություն կլինենք, կաշխատենք, բայց հիմա ոչ լեգիտիմ իշխանություն է քաղաքում, որին ոչ մեկը չի հարգում, քաղաքն էլ կոլապսի մեջ է։ Նախորդ նիստերից մեկում Ավինյանն էլ ասաց՝ մեզ չվախեցնեք արտահերթ ընտրությունով, դե, եթե չեք վախենում, գնանք արտահերթի։

-Եթե արտահերթի գնաք, ձեր թեկնածուն նորից Հայկ Մարությա՞նն է լինելու։ 
-Այո, որովհետև ցածր մասնակցության պայմաններում մենք շատ ձայն ստացանք և սա ազդակ էր, որ քաղաքացիներն իր աշխատանքը գնահատել են և հիմա փոփոխություն են ուզում։ Ես չեմ հիշում, որ Երևանի ավագանին այսքան մեծ ընդդիմություն ունենա։ Այս անգամ, եթե «Հանրապետությունը» մասնակցի ընտրություններին, անցողիկ շեմն էլ չի հաղթահարի, որովհետև ինքն իր ընտրողին խաբեց, գնաց որպես ընդդիմադիր, բայց կոալիցիա կազմեց իշխանության հետ։ 

-Քաղաքի բյուջեի նախագծին ծանոթացե՞լ եք։
-Ծանոթացել եմ, այս ամիս քննարկելու ենք և այն բավականին բարդ է լինելու։ Քննարկելու ենք քաղաքական լուրջ փաստաթղթեր ու պատկերացրեք՝ բյուջեն չընդունվի, կոլապս կլինի քաղաքի տնտեսությունում։ 

-Բյուջեի նախագծում խնդրահարուց հարցերը շա՞տ են, որ մտածում եք՝ չի ընդունվի։
-Իհարկե, բավականին շատ են։ Մեր տեսլականն էլ տարբերվում է ՔՊ-ի տեսլականից։ Տեսնում եք՝ ինչպես են ծախսվում քաղաքի գումարները, մեծ գումարներ են հատկացնում դեկորատիվ, ոչ այդքան անհրաժեշտ հարցերին, բայց կարևոր հարցերի համար գումարներ չեն ներդրվում։ Մենք բյուջեի այս նախագծին կողմ լինել չենք կարող, նույնը, օրինակ, կարմիր գծերի մասով, որի տուրքը բարձրացնում են՝ հաշվի չառնելով քաղաքացիների սոցիալական վիճակը։ Քաղաքի գումարները մսխվում են, ինչ-որ կամուրջի վրա 80 մլն դրամ, միայն հրապարակում լույս քաշելու համար 270 մլն, սրանց համար տուրք են բարձացնում, որ փող ունենան մեկ անձից գնում անեն, այն էլ իրենց ծանոթ բարեկամներից։ Ավինյանը երկու ընտրության չափով գումար է վատնել ինչ-որ գնումների վրա և արտահերթի համար գումար ծախսելու միտքը մեզ չի վախեցնում. եկեք արտահերթի գնանք և նորմալ կայուն մեծամասնություն կազմենք, որից էլ քաղաքը կշահի։

Լիաննա Թորոսյան