Զրո քաղաքական բովանդակություն, որն ավելի է ուշացնում Փաշինյանի հեռացումը
Փետրվարի 25-ին Եռաբլուրում մեկնարկել է «Ազատագրում» շարժման նախաձեռնած համահայկական ստորագրահավաքը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Թե ինչու է մեկնարկը տրվել Եռաբլուրում, շարժման նախաձեռնողներից Նաիրի Հոխիկյանը պարզաբանել է, որ այդ օրն Անդրանիկ զորավարի ծննդյան 157-րդ ամյակն է, բացի այդ, Եռաբլուրում մոտ 1.5 տարի առաջ արդեն սկսեցին ննջել մեր շատ հայրենակիցներ, որոնք զոհվել են հայրենիքը պաշտպանելու համար, բայց դարձել են թուրքի հետ գործարքի զոհ։
«Մենք այդքան զոհ չէինք ունենա, այդքան տարածքային և մարդկային կորուստներ չէինք ունենա, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի ապազգային դավաճանական գործարքը՝ թշնամու հետ»,- նշել է Հոխիկյանը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարելի է պահանջել օբյեկտիվ բազմաթիվ պատճառներով, առավել ևս՝ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո։
Սակայն կարծում ենք՝ չի կարելի անընդհատ գտնվել նույն ցիկլի մեջ, երբ 2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո ընդդիմադիր շարժումը՝ նույն կարգախոսներով, ըստ էության` հաջողություն չգրանցեց։ Պետք են կրեատիվ լուծումներ, հակառակ պարագայում՝ նույն օրակարգը չի կարող հաջողություն բերել, եթե անգամ հարթակը թարմացված է ու Փաշինյանի հրաժարականի պահանջը հնչեցնում են նոր մարդիկ, որոնք պայմանականորեն դուրս են «նախկին- ներկա» հակադրության բանաձևից։
Մյուս կողմից, կատեգորիկ անթույլատրելի է, երբ Եռաբլուրը դարձվում է քաղաքական գործընթացի գեներացիայի վայր։ Սա հավասարապես վերաբերում է թե Նիկոլ Փաշինյանին, որը 2020-ի վերջին իր «հեղափոխական» երթով անարգեց Եռաբլուրը, թե որևէ ընդդիմադիր շարժման, որը սեփական օրակարգի թուլությունը փորձում է «ամրապնդել» Եռաբլուրի խորհրդով։
Եվ վերջապես՝ ընդդիմադիր որակապես նոր բևեռը չի կարող ձևավորվել փողոցում։ Իշխանափոխության բլիցկրիգային տրամաբանությունն այլևս չի գործում ու հարկ է ձևավորել ավելի ակադեմիական ընդդիմություն՝ երկարաժամկետ օրակարգով, նոր դեմքերով, կրեատիվ օրակարգով։
Հակառակ պարագայում՝ զրո քաղաքական բովանդակությամբ գործընթացն ավելի է ուշացնում Փաշինյանի հեռացումը։
Վահրամ Բագրատյան