Բաքուն ում մատնանշի, ՀՀ իշխանությունները կհանձնե՞ն․ ի՞նչ սպասել Ադրբեջանի գլխավոր դատախազության առաջարկից

Բաքուն ում մատնանշի, ՀՀ իշխանությունները կհանձնե՞ն․ ի՞նչ սպասել Ադրբեջանի գլխավոր դատախազության առաջարկից

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նոր, բավականին շատ վտանգներ ու հեռուն գնացող սպառնալիքներ պարունակող հայտարարություն է արել: Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանը հրավիրել է ՀՀ կառավարությանը համագործակցել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով։ 

«Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ելնելով լուրջ հիմքերից, որ այդ դրվագների մեջ կասկածվող բազմաթիվ անձինք, ինչպես նաև վկաներ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին հրավիրում է համագործակցության»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Բնականաբար, հայտարարության մեջ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը որակում է «Լեռնային Ղարաբաղի ահաբեկչական կազմակերպության անդամներ», ինչն արդեն մտածելու և անհանգստանալու տեղիք է տալիս և որն արդեն իսկ հիմք է, որպեսզի ՀՀ կառավարությունն անգամ չքննարկի այս ամոթալի առաջարկը:
Երկրորդը և որն ամենավտանգավորն է. այս հայտարարությունից բխում է, որ եթե Հայաստանը համաձայնվի համագործակցել, ապա Ադրբեջանը, ըստ էության, ում մատնանշի, Հայաստանը կարող է այդ մարդուն, անկախ իր պաշտոնից, անցած ուղուց և մնացյալից հանձնել Ադրբեջանին:

Արդյո՞ք ՀՀ կառավարությունը կհամաձայնվի համագործակցել Բաքվի հետ, որքանո՞վ է այս հայտարարությունը անհանգստացնող և ինչ վտանգներ է պարունակում․ այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց Միզազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ։

«Առաջին հերթին նշեմ, որ Հայաստանի օրենսդրությունը, քաղաքացիների հանձնման առումով, երաշխիքներ ունի, և ՀՀ-ն չի կարող իր քաղաքացիներին հանձնել այնպիսի երկիր, որտեղ նրանք կարող են խոշտանգվել կամ կյանքից զրկվել։ Հանձնումը չի կարող տեղի ունենալ այնպիսի երկիր, որտեղ մարդու իրավունքները համատարած խախտվում են՝ կա անպատժելիություն, կա խտրականույթուն, կա ատելություն»,– ասաց Սահակյանը։

Եթե նույնիսկ համարենք, որ հայ–ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունները վերականգնված են, որի պայմաններում հնարավոր է իրավական ոլորտում համագործակցություն, ըստ Սահակյանի, միևնույն է՝ Ադրբեջանը պետք է վերանայի մարդու իրավունքների իր պատմությունը, պետք է բարելավի իր ժողովրդավարական ցուցանիշները, որպեսզի համագործակցության հիման վրա ենթադրյալ «հանցագործները» հանձնվեն Ադրբեջան դատարանի առջև կանգնելու նպատակներով։

«Խնդիրն ունի այլ ասպեկտ. Ադրբեջանը սեփական հանցագործներին չի պատժում, որոնք գտնվում են իր երկրում, օրինակ՝ Հադրութի հրապարակում գնդակահարված երկու հայերի կատարողը անպատժելիության մթնոլորտում պետության կողմից հովանավորվում է, և Ադրբեջանը մեկ օր անգամ չի փորձել համագործակցել ՀՀ իշխանությունների հետ, որպեսզի քրեական գործերով ներգրավի տուժողների և տուժողների միջոցով ապահովի արդյունավետ, օբյեկտիվ քննություն, և տուժողների իրավունքները վերականգնելու համար՝ իր իսկ սեփական հանցագործներին, իր իսկ դատարանների կողմից ենթարկի պատժի»,– նկատեց Սահակյանը։

Ըստ նրա՝ քանի դեռ Ադրբեջանը չի համագործակցում Հայաստանի իշխանությունների հետ իր հանցագործներին պատժելու նպատակով, որևէ հրավերք համագործակցության չի կարող լինել, և այս հրավերքը կարող է ունենալ, բացառապես, քաղաքական ենթատեքստ, ոչ իրավական, իսկ քաղաքական ենթատեքստ ունեցող համագործակցությունը խախտում է մարդու իարվունքները և չի կարող բավարարում ստանալ՝ այս դեպքում համագործակցող իշխանությունը պետք է հանցակցեն Ադրբեջանի հանցագործություններին։

Հարցին՝ եթե, օրինակ, ՀՀ կառավարությունը որոշի համագործակցել, համարելով, որ Ադրբեջանում ոչ մի խտրականություն և խոշտանգում չկա, այդ դեպքում արդյո՞ք հնարավոր է ՀՀ քաղաքացիների հանձնումը Ադրբեջանին, Սահակյանը պատասխանեց․ «Դա ո՛չ հիմնավոր գնահատում կլինի իրավիճակին, ինչը կհանգեցնի ՀՀ կողմից մարդու իրավունքների խախտումների, այս պարագայում՝ հայցերը կներկայացվեն ոչ միայն Ադրբեջանի դեմ, այլև պատասխանող կդառնա նաև ՀՀ-ն, քանի որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ձեռնպահ մնա խոշտանգելուց։ Եվ եթե ՀՀ-ն որևէ հայի ուղարկի Ադրբեջան, որտեղ բոլոր հայերը ենթարկվում են խոշտանգումների, նշանակում է՝ ՀՀ-ն կհանցակցի խոշտանգում հանցագործությանը։ Ես չեմ կարծում, որ որևէ դեպքում նման գնահատում կարող է լինել, և շանսեր չեմ տեսնում, որ ՀՀ իշխանությունները կարող են այդ հարցում համագործակցել Ադրբեջանի հետ»։

Մարիաննա Արամյան