ԲՏԱ նախարարը և Օմսկի նահանգապետն ընդգծել են տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության զարգացման մեծ ներուժը

ԲՏԱ նախարարը և Օմսկի նահանգապետն ընդգծել են տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության զարգացման մեծ ներուժը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 24-ին ընդունել է ՌԴ Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը։
Կողմերն երկուստեք ողջունել են միմյանց, անդրադարձել տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ուղղություններին և հնարավորություններին։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ոլորտները, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մանրամասներ ներկայացրել ազգային վենչուրային հիմնադրամի, ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերի վերաբերյալ։

Ալեքսանդր Բուրկովն իր հերթին նշել է, որ ՏՏ ոլորտն իրենց տնտեսության զարգացման կարևոր ուղղություններից է, ներկայացրել է այդ ոլորտում առանձնակի հաջողություններ գրանցած ընկերություններին, որոնք հիմնականում մասնագիտացած են միկրոէլեկտրոնիկայի, կապի համակարգերի, թվային և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներում։ Նա նաև ընդգծել է տեղի հայ համայնքի ունեցած նշանակալի դերակատարությունը տնտեսության բոլոր ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք հնարավորություններ։ Հյուրերին հատկապես հետաքրքրել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելը։

Մանրամասներ են ներկայացվել նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական կրթության ծրագրերի, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեության վերաբերյալ։

Ալեքսանդր Բուրկովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, հրավիրել է Ռոբերտ Խաչատրյանին Օմսկ՝ տեղում ծանոթանալու նահանգի տեխնոլոգիական ոլորտի զարգացումներին, մասնակցելու Օմսկի 300 ամյակին նվիրված տոնակատարությանը։

Հադիպման ավարտին կողմերն ընդգծել են, որ տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա, որի ուղղությամբ առաջիկայում առավել գործնական քայլեր կիրականացվեն։