Պիկեի սիրելին դավաճանել է նրան Պեպ Գվարդիոլայի հետ. ԶԼՄ

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեի ընկերուհին՝ Կլարա Չիա Մարտին, հնարավոր է, դավաճանել է նրան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը՝ իսպանական այլ լրատվամիջոցներին հղումով։
2022 թվականի հունիսին Ժերար Պիկեն լքեց Շակիրային, ում հետ միասին ապրել էր մոտ 11 տարի ու մեծացրել երկու որդի, և գնաց իր սիրուհի Կլարա Չիա Մարտիի մոտ։ Վերջին հարցազրույցներից մեկում նա նշել է, որ ոչնչի համար չի ափսոսում ու իրեն երջանիկ է զգում։
Սակայն, ըստ լրագրողների, ֆուտբոլիստը կրկին հայտնվել է սիրային եռանկյունում, միայն թե այս անգամ ոչ թե ինքն է դավաճանել, այլ իրեն։ Ժերար Պիկեի 23-ամյա սիրելին կասկածվում է 52-ամյա Պեպ Գվարդիոլայի հետ գաղտնի հարաբերություններ ունենալու մեջ։ Նշվում է, որ Կլարա Չիա Մարտին սովորել է «Բարսելոնայի» նախկին մարզչի երեխաների հետ նույն դպրոցում, և այդ հանգամանքը թույլ է տվել նրանց հանդիպել։
Սակայն Պեպ Գվարդիոլայի և Կլարա Չիա Մարտիի սիրավեպի այլ հաստատում չկա։