Փաշինյանի խոստովանությունը

«Եթե մադրիդյան սկզբունքներից առաջ հայկական կողմի դիրքորոշումն էր, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում երբեք չի եղել ու հիմա էլ չի, հետևաբար, ապագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է չլինել, որովհետև ԼՂ-ն արդեն ինքնորոշվել է, մադրիդյան սկզբունքներով արձանագրվում էր, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ։ Այսպիսով, հայկական կողմի որոշմամբ այդ սկզբունքների նախագծի հեղինակը, ըստ որոշ հավաստի տեղեկությունների, հայկական կողմն է»,- երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ փաստորեն հերթական անգամ այսօրվա վիճակի պատասխանատվության սլաքները ուղղելով «նախկինների» կողմը:
Սակայն մենք «նախկինների» թեմային տրվելու գայթակղությանը մի կերպ կդիմանանք ու առավել ևս՝ չենք մտնի Մադրիդյան սկզբունքների բովանդակությունը քննարկելու հարթություն, մանավանդ, որ երեկ Փաշինյանը շատ կարևոր «խոստովանություն» է արել:
Նրա խոսքով՝ իրենց իշխանության մեծագույն բացթողումն է, որ 2018-ից հետո ժողովրդին այդ մասին չեն բացատրել ու չեն ներկայացրել։
Իհարկե, այս խոստովանությունը կիսատ է, որովհետև Փաշինյանն, ըստ էության, անիրական օրակարգ է առաջարկել նաև բանակցային գործընթացում, ինչը մերժվել է ոչ միայն Բաքվի, այլ նաև միջազգային հանրության կողմից: Պատահական չէ, որ երեկ Փաշինյանը խոսել է ինչ-որ «միջազգային թակարդի» մասին:
Փաստորեն, քանի որ Մադրիդյան սկզբունքները, ըստ Փաշինյանի, հայանպաստ չեն եղել, նա փորձել է մերժել կարգավորման գործընթացը՝ առանց կարգավորման ավելի լավ տարբերակի իրական հնարավորության:
Ահա, թե ինչպես է դուռ բացվել պատերազմի համար...
Վահրամ Բագրատյան