Ինչո՞ւ են թանկանում քաղաքացիություն շնորհելու և դրանից հրաժարվելու վճարները․ 1000-ը կդառնա 50.000, 25.000-ը՝ 150.000
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մշակել է մի օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում էապես բարձրանալու են քաղաքացիության շնորհման և քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրքերն ու վճարները։
Մասնավորապես, եթե այսօր ՀՀ քաղաքացի դառնալու համար անձը վճարում է ընդամենը 1000 դրամ պետությանը, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու համար՝ 25 հազար դրամ, ապա օրենքի ընդունումից հետո քաղաքացիության շնորհումը կդառնա 50 հազար դրամ, այսինքն՝ կբարձրանա 50 անգամ, իսկ քաղաքացիությունից հրաժարվելու համար վճարվող գումարը կդառնա 150 հազար դրամ։
Մեզ թվում էր, թե դա արվում է նաև քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը հրաժարվողների համար բարդացնելու համար, որ նաև գումարի չափը գուցե հետ պահի ՀՀ քաղաքացիներին հրաժարվել Հայաստանի Հանրապետության կապույտ անձնագրից, սակայն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նորանշանակ ղեկավար Նելլի Դավթյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ նպատակը բնավ էլ դա չէ։
Ըստ Դավթյանի՝ իրենք այս օրենսդրական փոփոխությունն անում են, որպեսզի նյութապես արժևորեն քաղաքացիության շնորհման և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները, քանզի ամբողջ աշխարհում այս ծառայությունների դիմաց վճարվող գինը բավականին բարձր է, և միայն Հայաստանում է, որ չնչին գումարներ են, օրինակ՝ 1000 դրամ։
Նա նաև նշեց, որ օրենքը դեռ միայն առաջին ընթերցում է անցել, և նախատեսվում է օրենքն ամբողջությամբ ընդունել եկող տարվա ընթացքում, իսկ ուժի մեջ կմտնի արդեն 2026 թվականի հունվարից։
Այս և այլ հարցերի շուրջ մանրամասները՝ MediaHub-ին տված հարցազրույցում
Վահե Մակարյան