ԱՄՀ-ն 165 միլիոն դոլար կտրամադրի ՀՀ-ին, իսկ տնտեսական աճը կլինի 11 տոկոս

ԱՄՀ-ն 165 միլիոն դոլար կտրամադրի ՀՀ-ին, իսկ տնտեսական աճը կլինի 11 տոկոս

Արժույթի միջազգային հիմնադրամը կաջակցի Հայաստանի կառավարության տնտեսական ծրագրին, որպեսզի երկիրը կարողանա ներդրումների, արտահանման վրա հիմնված տնտեսական աճ արձանագրել՝ միաժամանակ պահպանելով մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ֆինանսական կայունությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արժույթի միջազգային հիմնադրամը հաղորդագրություն  է տարածել՝ նշելով, որ Հայաստանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել 3-ամյա համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որը դեռևս ենթակա է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհրդի հաստատմանը. ակնկալվում է, որ  հարցը կքննարկվի 2022 թվականի դեկտեմբերին:

Նշվում է, որ Հայաստանի իշխանությունների խնդրանքով Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակիցների խումբը 2022 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը եղել են Երևանում է ուսումնասիրելու երեքամյա տնտեսական ծրագիրը: Հայաստանում ունեցած հանդիպումներից և քննարկումներից հետո Հայաստան ժամանած ԱՄՀ պատվիրակության ղեկավար Իվա Պետրովան հայտարարել է, որ Հայաստանն ու Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնության են հասել համաձայնագրի շուրջ, որը ենթադրում է շուրջ 165.6 միլիոն դոլարի հատկացում Հայաստանին՝ մակրոտնտեսական, ֆիսկալ և ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված տնտեսական ծրագրին աջակցելու համար:

Արժույթի միջազգային հիմնադրամը 2022 թվականին Հայաստանի համար 11 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել՝ արտաքին եկամուտների, կապիտալի և աշխատուժի ներհոսքի հաշվին: Նշվում է նաև, որ դրամի արժևորումը հանգեցրել է երկրի պետական պարտքի նվազմանը, որն այս տարվա արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 51 տոկոսն այն դեպքում, երբ 2021 թվականին պետական պարտքը կազմում էր ՀՆԱ-ի 60.3 տոկոսը: