Կաքավաձորցիները ճանապարհ էին փակել․ մարզպետը խնդրի լուծում է խոստանում

Այսօր Արագածոտնի մարզի բնակիչները փակել էին Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կաքավաձոր գյուղի գլխավոր խաչմերուկը՝ պահանջելով հանդիպում մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ, որպեսզի վերջինս գա ու բացատրի, թե ինչու չի նորոգվում գյուղ մտնող 6 կմ-անոց ճանապարհը։
Բնակիչները նշել են, որ քանդված ճանապարհը մեծ խնդիրներ է առաջացնում, հիվանդներին հիվանդանոց տեղափոխել չի լինում, անիմաստ ժամանակ են կորցնում ու իրենց կյանքն են վտանգում։
MediaHub-ը տեղեկացավ, որ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը բնակիչներին արդեն հանդիպել է, սակայն մեկնաբանություն խնդրեցինք մարզպետից, քանի որ բնակիչները պնդում էին, որ հարցի հասցեատերը հենց ինքն է։
Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդիրն ծանոթ է։
«Ճանապարհը հիմա բաց է։ Խնդիրն այն է, որ պետական ծրագրով Կաքավաձոր-Ներքին Բազմաբերդ ճանապարհի 4,1 կմ հատվածը պետք է հիմնանորոգվեր, կազմակերպությունը եկել, նախահաշիվը արել էր, մրցույթը շահել, աշխատանքները որոշ չափով սկսել, բայց ճանապարհների ծախսման համար գումարը շատ ավելին է եղել, քան նախատեսված էր։ Հիմա Կառավարությունը վերաբաշխում պետք է անի, որ նորից ֆինանսավորում անենք, որպեսզի աշխատանքները բնականոն շարունակվեն»,-ասաց մարզպետը։
Մովսիսյանի խոսքով՝ Կառավարությանը խնդիրը ներկայացրել են և՛ գրավոր և՛ բանավոր տարբերակով, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերաբաշխման աշխատանքները իրականացվեն։
«Հույս ունեմ, որ 1 կամ 1,5 ամսից աշխատանքները կշարունակվեն։ Ես չկարողացա քաղաքացիներին հանդիպել, սակայն խնդիրը ներկայացրի համայնքապետին, ինքը հանդիպել է բնակիչներին, պարզաբանել, թե ինչն է ստեղծված իրավիճակի պատճառը, ժողովուրդն ըմբռնումով է մոտեցել ու ճանապարհը բացել։ Այսօր փոխվարչապետի հետ հանդիպում ունեմ, այս խնդիրը կներկայացնեմ»,-նշեց Մովսիսյանը։
Լիաննա Թորոսյան