«Համեստ» Ալիևը 

«Համեստ» Ալիևը 

Ադրբեջանում ընտրություններին մասնակցությունը կազմել է 76,73 տոկոս։ 6 478 840 ընտրողից քվեարկել է 4 971 032 մարդ։ 

Նախագահի ընտրություններին, բացի գործող նախագահ Իլհամ Ալիևից, մասնակցում էին ևս վեց թեկնածուներ, բայց նրանց մասնակցությունը իմիտացիոն էր. նրանք բոլորը իշխանությանը լոյալ մարդիկ էին ու իրենց քարոզարշավը ծառայեցնում էին Ալիևի հաղթանակին:

«Հաղթած ժողովուրդն ընտրում է հաղթած նախագահին» խորագրի տակ անցան նախագահի արտահերթ ընտրությունները ու պատահական չէ, որ Ալիևը ստացավ քվեների 92,1%-ը:

44-օրյա պատերազմից ու հատկապես Արցախի կլանումից հետո, երբ Ալիևը դարձավ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնողը, ավտորիտար այս երկրում որևէ մեկը չէր էլ կարող մտածել նրա իշխանությանը մարտահրավեր նետելու մասին: Պատահական չէ, որ իրական ընդդիմության որևէ թեկնածու այս ընտրություններին չէր մասնակցում:

Ալիևը և ընտանիքի անդամները քվեարկել են Ստեփանակերտում:

Այս կարգի ստորացում, նվաստացում հնարավոր չէ մարսել, էլ չենք էլ զարմանա, որ մի օր էլ Արցախի շղթայված ղեկավարներին վանդակի մեջ առած բերեն Ստեփանակերտի հրապարակ:

Ինչևէ, ինչպես Ալիևն էր նշել, այս ընտրությունները կոչված էին կապիտալիզացնելու Ալիևի հաղթանակը 44-օրյա պատերազմում և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը:

Սկսվում է նոր փուլ, որտեղ արդեն Ալիևը հաշիվ է ներկայացնում Հայաստանին: Մեր իշխանության քաղաքականությունը, ցավոք, բխում է Բաքվի օրակարգից:

Մեզ դրամատիկ ամիսներ են սպասվում:

Վահրամ Բագրատյան