«Կիմանանք ուրբաթ օրը». փաստաբանը՝ Մալյանի ազատ արձակվելու մասին

Մամուլը գրել էր, թե իշխանական շրջանակներում շրջանառվում է, որ դեկտեմբերի 22-ին Վերաքննիչ դատարանն ազատ է արձակելու երեք ամիս կալանքի տակ պահվող քաղաքական-հասարակական գործիչ Նարեկ Մալյանին:
Նշվում է, թե ՀՀ իշխանությունները ցանկանում են 2024-ը դիմավորել հնարավորինս քիչ թվով քաղբանտարկյալների առկայությամբ, քանզի «արևմտյան կառույցները գնալով դժգոհում են, որ չեն կարող երկար «աչք փակել» Հայաստանում քաղբանտարկյալների գոյության փաստի վրա»:
MediaHub-ի հետ զրույցում Մալյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ ակնկալիքների մասին խոսել չի ցանկանում. «Այս պահին այս հարցի շուրջ որևէ մեկնաբանություն տալ նպատակահարմար չեմ համարում, իմ ակնկալիքների մասին նույնպես չեմ ցանկանա խոսել։ Միայն մի բան կասեմ, որ մենք ունենք Վերաքննիչ բողոքի հրապարակման օր, միաժամանակ նույն օրը՝ դեկտեմբերի 22-ին, ունենք Առաջին ատյանում դատական նիստ, որտեղ, ըստ ամենայնի, ապացույցների հետազոտման առաջին փուլը կավարտվի և չենք բացառում, որ այդ օրը կալանքը որպես խափանման միջոց հանելու հարցը կբարձրացնենք»:
Հարցին՝ Նարեկ Մալյանը վկայություն տալո՞ւ է դատարանում, Մելիքյանն արձագանքեց.
«Կիմանանք ուրբաթ օրը»:
Հիշեցնենք, Նարեկ Մալյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 20–ին, ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու կասկածանքով։
Մարիա Զարգարյան