Խոշոր ավտովթար՝ Ավշարում. BMW X5-ը բախվել է Ford Transit-ին, ապա տապալել գազախողովակի մի քանի սյուներ

Խոշոր ավտովթար՝ Ավշարում. BMW X5-ը բախվել է Ford Transit-ին, ապա տապալել գազախողովակի մի քանի սյուներ

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Վեդի քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Ավետիք Մխիթարյանը, իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղում՝ Մ. Խորենացի փողոցում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենային, ապա կոտրել ճանապարհին տեղադրված գազախողովակների մի քանի երկաթե հենասյուն, ապա՝ գազի բաշխիչ տուփերն ու մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Բախման հետևանքով գրեթե 1 ու կես ժամից ավելի սկսվել էր գազի արտահոսք, ինչի պատճառով էլ Ավշար և մի քանի հարակից գյուղեր զրկվել էին գազից և էլեկտրաէներգիայից, քանի որ էլոկտրալարերն էլ էին պոկվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է անվահեծանի կոտրվելը, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել ավտոմքենան և տեղի է ունեցել վթարը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից BMW X5-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից ճողոպրելը:

Նշվում էր նաև, որ BMW X5-ի վարորդը իրականում այլ մարդ է եղել, ոչ թե պարեկներին ու ոստիկաններին ներկայացած Ավետիք Մ.-ն: