Գուցե հարցը հասնի ընդդիմադիր Պեդրո Զարոկյանին մանդատից զրկելուն, Բանակում «բարդակ» է․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Քաղաքային իշխանությունը շարունակում է «պատժել» ընդդիմախոսներին:
Հիմա էլ հերթը Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանինն է:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությանը վրդովվեցրել է ընդդիմադիր Պեդրո Զարոկյանի ակտիվությունը. քաղաքային իշխանությունները մտադիր են զսպել նրան, չի բացառվում, որ հարցը հասնի ավագանու ընդդիմադիր անդամին մանդատից զրկելուն եւս: Մեր տեղեկություններով՝ ՔՊ խմբակցությունում այս հարցը քննարկվում է, եւ ավագանու առաջիկա նիստերին հնարավոր է նման նախաձեռնությամբ հանդես գան: Տեղեկության վերաբերյալ դիմեցինք ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Արմեն Գալջյանին, վերջինս էլ ասաց. «Պեդրո Զարոկյանի վարքը ավագանու յուրաքանչյուր նիստի ընթացքն է խանգարում, նա վիրավորում է նիստին ներկա անդամներին, ինչն անթույլատրելի է: Այս պահին մանդատից զրկելու մասով վերջնական որոշում չունենք, բայց նրա վարքը քննարկման առարկա պետք է դառնա, եւ ըստ այդմ հասկանանք՝ որ տարբերակով ենք շարժվում»:
Պեդրո Զարոկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը եւս լսել է նման բան, բայց հստակ ոչինչ չգիտի. «Եթե մանդատից ուզում են զրկեն, պետք է հիմքերն ասեն: Եթե խոսելու, խնդիր բարձրաձայնելու համար են մանդատից զրկում, թող հայտարարեն՝ էլ ժողովրդավարություն չկա»»:
«Հրապարակը» գրում է․
ՔՊ-ի Վերահսկող հանձնաժողովը, Հովիկ Աղազարյանից բացի, հարցաքննության է կանչել նաեւ պատգամավոր Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանին եւ պատգամավոր Նարեկ Զեյնալյանին։ Առաջինն Արգիշտի Քյարամյան-Հովիկ Աղազարյան միջադեպի «մեղավորն» է` «սեւ շորով պատգամավորը», որի ռեպլիկին արված կոշտ դիտողության առիթով Աղազարյանը նկատողություն արեց Քյարամյանին, ու վեճը թեժացավ։
Ըստ ՔԿ պետի՝ Ներսես Խաչատրյանն իրեն ասել է՝ «կուռաժիտ է լինում», ինչին Զեյնալյանն արձագանքեց ամբիոնից. «Պարոն Քյարամյան, առնվազն անհասկանալի եւ անընդունելի է այդ Ձեր ժեստիկուլյացիան՝ մատով սենց անելն ու դիմելը, պատգամավորի հետ նման տոնով խոսելը։ Դուք խոսում եք ԱԺ պատգամավորների հետ, Ձեր կաբինետում չեք եւ Ձեր ենթակաների հետ չեք խոսում։ Ես չեմ կարողանում ընկալել՝ ո՞րն է ավելի վատ՝ հասկանալով, թե որտեղ եք գտնվում, եւ նման ոճո՞վ եք խոսում պատգամավորների հետ, թե՞ հակառակը։ Ես Ձեզ առաջարկում եմ, հորդորում եմ՝ փոխել Ձեր խոսելաոճը եւ առավել եւս՝ ժեստիկուլյացիան սահմանափակել, երբ խոսում եք ԱԺ պատգամավորի հետ»։
Միջադեպից հետո շատերը հիշել էին Փաշինյանի 2015-ի ելույթներից մեկը՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ուղղված, նրա հաշվետվության օրը. «Ձեզ հաշիվ չեք տալիս, թե որտեղ եք գտնվում, սա գլխավոր դատախազին նշանակող մարմին է: Մատը սենց-նենց է անում, Սերժ Սարգսյանի մոտ տե՞նց եք զեկուցում: Մի հատ Ձեզ կարգի հրավիրեք, Ձեր ցուցամատը Ձեզ պահեք, ի՞նչ է նշանակում` պատգամավորը հարց տա, ցուցամատ թափ տաք: Եթե շարունակեք, ես Ձեզ խոստանում եմ, որ ամեն անգամ այստեղ գալուց հետո հոգեբանի կարիք եք ունենալու: Կոստանյան Գեւորգ, ես Ձեզ ու Ձեր նմաններին հասկանալու տեսություն եւ պրակտիկա կարող եմ դասավանդել»:
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«Թեեւ փաստաթղթերով կամ իրականում ԱԺ նախագահի եղբայր Կառլեն Սիմոնյանը այլեւս կապ չունի միլիարդավոր դրամների տենդերներ շահած «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ, սակայն այժմ «Դատալեքս»-ն է ողողված հիշյալ ընկերության դեմ տարատեսակ հայցերով՝ ֆիզանձերից մինչեւ բանկերին փոխկապակցված կազմակերպություններ եւ ապահովագրական ընկերություններ։
«Արինս Կապիտալ», «Ռոգո ինշուրանս», «Արգիշտի 2», «Վիկան», «Բետոնագործ», Սեւակ Բոյաջյան եւ գուցե այլք փորձում են արդարադատություն գտնել «Եվրոասֆալտի» դեմ պայքարում։
«Ժողովուրդ»-ը կհետեւի սույն դատական գործերի ընթացքին՝ հասկանալու, թե Ալեն Սիմոնյանի բանակի ընկերը ինչեր է թույլ տվել»:
«Հրապարակը» գրում է․
Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվն օրեցօր աճում է, անցած շաբաթ էլ 2 մահվան բոթ լսվեց, ու թեպետ իշխանությունները չեն ընդունում մեղքի իրենց բաժինը, սակայն, մեր տեղեկություններով, ներքին քննարկումներում արձանագրել են, որ բանակում «բարդակ» է, սպայական կադրերի լուրջ դեֆիցիտ կա, օր առաջ պետք է փոխել իրավիճակը, հակառակ դեպքում այդ վիճակագրության դեմն առնել հնարավոր չի լինի։
Մեր տեղեկություններով՝ նախօրեին կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ քննարկում է եղել, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն առաջարկել է միջոցներ հատկացնել, որ օրենքում փոփոխություններ մշակեն եւ հնարավորություն տան թոշակառու սպաներին՝ ծառայության անցնել զորամասերում, ստանալ թե՛ զինվորական թոշակը, թե՛ ծառայության աշխատավարձերը, որ փորձառու սպաները բանակ վերադառնան, եւ զորամասերը չմնան 18-20 տարեկանների հույսին, որի հետեւանքն այդ մահերի վիճակագրությունն է։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել, հնարավոր է օրենքում փոփոխությունների նախագիծ մշակվի։