Ձախողված քաղաքականության ինքնախոստովանություն 

Ձախողված քաղաքականության ինքնախոստովանություն 

Եթե հակիրճ ամփոփենք Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երեկվա ասուլիսը, ապա դա այն մասին էր, որ Ալիևի ագրեսիվ քաղաքականությունը և Հայաստանի իշխանության դիվանագիտական ձախողման համադրությունը բերել է մի հանգրվանի, որը միանգամայն իրական է դարձնում նոր էսկալացիան:

Այնուամենայնիվ, ասուլիսի մի քանի դրվագների վրա անհրաժեշտ է կենտրոնանալ՝ ցույց տալու համար, թե ինչ խղճուկ վիճակում է մեր դիվանագիտությունը՝ հակված միակողմանի զիջումների:
Վերջերս Բաքուն Հայաստանից դարձյալ ականապատման քարտեզներ էր պահանջել:

ԱԳ նախարարի տեղեկություններով՝ այժմ Հայաստանի համապատասխան մարմիններն աշխատանքներ են տանում նաև հարցումների ճանապարհով ականների տեղակայման վերաբերյալ նոր տեղեկատվությունը վերականգնելու ուղղությամբ։

«Երկուստեք համապատասխան կառուցողական մոտեցումների և վստահության ամրապնդման քայլերի դեպքում, և եթե իսկապես կարողանանք վերականգնել հավաստի տեղեկություն, չեմ բացառում, որ նորից այն փոխանցենք ադրբեջանական կողմին։ Թեև կարող եմ ասել, որ, վստահաբար, այդ գործողությունները պետք է անել միջազգային գործընկերների միջոցով»,- ասուլիսի ժամանակ անդրադառնալով ադրբեջանական կողմի` ականապատման ճշգրիտ տվյալներ տրամադրելու պահանջին՝ ասել է Արարատ Միրզոյանը։

Ուշադրություն դարձրեք՝ պաշտոնական Երևանը փաստացի պատրաստ է բավարարել Բաքվի նոր պահանջը, բայց Միրզոյանը բառ անգամ չի բարձրաձայնում ռազմագերիների վերադարձի անհրաժեշտության վերաբերյալ:

Այսինքն, հասել ենք մի հանգրվանի, որտեղ անգամ վարչապետի, ԱԳ նախարարի մակարդակով օրինաչափ են համարվում միակողմանի զիջումները:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Ադրբեջանի պահանջով է Հայաստանը ցանկանում գնալ նոր Սահմանադրության ընդունման, ԱԳ նախարարը չի համաձայնել՝ դա չափազանցություն որակելով։

Միրզոյանի կարծիքով՝ Սահմանադրությունն առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է, չնայած ասել է, որ ցանկացած սահմանադրություն ավելի լայն ազդեցություն ունի, անդրադառնում է արտաքին հարաբերություններին։

«Այս առումով մեր Սահմանադրությունն էլ բացառություն չէ, Ադրբեջանի Սահմանադրությունն էլ բացառություն չէ»,- նշել է նա:

Միրզոյանի այս պատասխանը դժվար է հերքում անվանելը, ավելին, չափազանցություն կա հենց նրա խոսքում, որովհետև հերթական անգամ Երևանը գնում է միակողմանի զիջման, իսկ Բաքուն անգամ մտադիր չէ իր սահմանադրական կարգավորումներն ադապտացնել խաղաղության գործընթացին:

Վահրամ Բագրատյան