Իրավական որևէ հիմք չկա Խաչատուրովին կալանավորելու, բայց նիկոլական Հայաստանում ամեն ինչ սպասելի է․ Մանուկյան

Գիշերը թույլ չեն տվել դեղերը հասցնել Գրիգորի Խաչատուրովին։ MediaHub.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ ամբողջ գիշեր Հակակոռուպցիոն դատարանի բակում են եղել, որտեղ այսօր 12-ին կքննվի 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։
«Իրավական որևէ հիմք չկա կալանքի տանելու, բայց նիկոլական Հայաստանում ամեն ինչ սպասելի է»,- ասաց Մանուկյանը։
Նա շեշտեց՝ Խաչատուրովի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է։
Մանուկյանը նկատեց՝ Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու հաջորդ քայլը սա պիտի լիներ․ Փաշինյանի վրեժն է բանակի գեներալներից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է։
Նարե Գնունի