Տոները վերջացան, հրաշքը՝ մնաց. Հրեական բժշկության կենտրոնը հավաստիացնում է՝ աուտիզմը դատավճիռ չէ

Արդեն երկու ամիս է Երևանում՝ «Փյունիկ» ասոցիացիայում գործում է «Beer David» Հրեական բժշկության կենտրոնի (Երուսաղեմ) երևանյան մասնաճյուղը, որը փորձում է հաշմանդամություն ունեցող հայ մանուկներին ու նրանց ծնողներին վերադարձնել հավատքն առ հրաշքներ:
Իսկ կա՞, արդյոք, ավելի լավ առիթ, քան Ամանորն է, որպեսզի մարդ հավատա հրաշքներին: Համատեղ ուժերով Հրեական բժշության կենտրոնն ու «Փյունիկ» ասոցիացիան հաշմանդամություն ունեցող երեխաներին տոն նվիրեցին՝ Ձմեռ պապով, երգ ու պարով, նվերներով:
Նվերները սիրով պատրաստել էին «Beer David» կենտրոնի հիմնադիր ամուսիններ Դավիդ և Յոսեֆա Էյխելները, տոնական ու գունեղ համերգն էլ նվիրեց աշխարհահռչակ երաժիշտ և կոմպոզիտոր Կամիլ Չալաևը։
Բայց ամենակարևորը՝ նրանք հույս նվիրեցին, որ երեխաները, անգամ բարդ դիագնոզով, կարող են լիարժեք կյանքով ապրել:
Տոնական համերգի ամենավառ հատվածներից մեկը Կամիլ Չալաևի ելույթն էր։
Վերջինիս խոսքով՝ այս համերգը միայն սկիզբն է և առաջիկա ամիսներին, հույս ունի՝ տարիներին, ինքը պարբերաբար կաշխատի «Փյունիկ»-ում բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են իր հետ մասնակցել երաժշտության արարման գործընթացին։
Դիրիժոր, կոմպոզիտոր Չալաևը եզակի երաժշտական գործիքների հավաքածուի սեփականատեր է: Այն իր մեջ ներառում է երեք հարյուր երաժշտական գործիք, որոնք նա իր հետ բերել է Հայաստան։
Չալաևը մեր երկիր է ժամանել «301. Իմաստության երկիրը» հիմնադրամի հրավերով:
Սա հիմնադրամ է, որը 300+1 իմաստունների է Հայաստան հրավիրում ու անհրաժեշտ պայմաններով ապահովում, որպեսզի նրանք, իրենց հերթին, 7 տարի բնակվեն ու արարեն մեր երկրում: Կամիլ Չալաևն իր յուրահատուկ երաժշտական թերապիայի միջոցով կփորձի օգնել բոլորին՝ անկախ ախտորոշումից, և, մասնավորապես, աուտիզմով և ուղեղային կաթված ունեցող երեխաներին։
Ինչպես արդեն նշեցինք, «Փյունիկ» ասոցիացիայում երկու ամիս է գործում է Հրեական բժշկության կենտրոնի մասնաճյուղը, որտեղ լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունը վերադարձնում են աուտիզմով և ուղեղային կաթվածով երեխաներին։
«Աուտիզմը բուժելի է», «Այս ախտորոշմամբ լիարժեք կյանք հնարավոր է, և սա առասպել չէ». սա է հիմնական ուղերձը, որով հայ հանրությանը դիմում են ամուսիններ Դավիդ և Յոսեֆ Էյխելները։ Եվ դա իրենց կողմից վաղուց ապացուցված փաստ է, որը հիմնավորվում է Իսրայելում և այլ երկրներում Կենտրոնի երկար տարիների գործունեությամբ։
«Փյունիկ»-ում մասնաճյուղն ամբողջությամբ գործում է բարեգործական հիմունքներով՝ երեխաներւն ու նրանց ծնողներին տրվումէ բարձր որակավորում ունեցող անվճար օգնություն: Կենտրոնի երևանյան մասնաճյուղն արդեն օժտված է մերսման, լազերային և մագնիսական թերապիայի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, իսկ մոտ ապագայում նախատեսվում է ձեռք բերել վիբրացիոն հարթակ, որն ի արդյունավետությամբ եզակի բուժսարքավորում է։ Բացի այդ, կենտրոնում կանցկացվեն անվճար մասնագիտական դասընթացներ ինչպես հայ մասնագետների, այնպես էլ հատուկ երեխաների ծնողների համար։
Դավիդ Էյխելի խոսքով՝ ծնողների հետ աշխատելը հաջողության ամենակարևոր գրավականներից մեկն է։
Կենտրոնի կինեզիոթերապևտ Վահան Մխիթարյանը տեղեկացրեց, որ այս պահին մասնաճյուղում արդեն գործում է երեք կաբինետ՝ լոգոպեդի, սոցիալական մանկավարժի և իր կաբինետը:
«Մենք ուրախ կլինենք օգնել բոլորին», - հավելեց Դավիդ Էյխելը:
Հարկ է նշել, որ կենտրոնը հիմնված է Աստվածաշնչում ամրագրված հոգևոր ավանդույթների վրա, և հատուկ երեխաների հետ աշխատելու մեթոդները մշակվել են Աստվածաշնչում նկարագրված սկզբունքների և մոտեցումների վրա:
Կենտրոնի մեթոդոլոգիան արտոնագրված է։ Ցանկացողները կարող են դիմել «Փյունիկ» ասոցիացիա և գրանցվել անվճար խորհրդատվության։