Ազգը՝ բանակ․ ցուցահանդեսի նկարներում իրենց կգտնեն կամավորներն ու զինվորականները

Ազգը՝ բանակ․ ցուցահանդեսի նկարներում իրենց կգտնեն կամավորներն ու զինվորականները

Լուսանկարիչ, լրագրող և վավերագրող Զոհրաբ Ռքոյանն Արցախի Քաշաթաղի շրջանի հնաբնակ վերաբնակիչներից է։ Մասնակցելով առաջին պատերազմին ու հավերժացնելով պատմական կադրեր` Զոհրաբն ազատագրված Բերձորում մշտական ապրելու որոշում էր կայացրել։ 

2020 թվականի 44-օրյա պատերազմից, ապա Արցախի ամբողջական հայաթափումից հետո՝ Արցախում արված նրա լուսանկարներն իսկական նշխարներ են, որ սոցիալական ցանցերում հրապարակելուց հետո շատերին տեղափոխում է դեպի տուն, դեպի կորսված հայրենիք։

«Լուսանկարների շարքը սկսվում է դեռ համազգային շարժումից, անցնում պատերազմներով, հաղթանակով, ապա խաղաղ կյանք։ Մի առանձին շարք ունեմ նվիրված բանակի կազմավորմանը, քանի որ Հայաստանի 3-րդ Հանրապետության բանակը ստեղծվեց հիմնականում կամավորական ջոկատների հիմքի վրա։ Հետագայում էլ շատ կամավորականներ ընդգրկվեցին բանակի շարքերը։ Որոշել եմ այդ հատընտիր լուսանկարների հիման վրա էլ կազմակերպել ցուցահանդես, որին  «Ազգը՝ բանակ» խորագիրն եմ տվել»,- MediaHub-ին ասաց հեղինակը՝ ընդգծելով հայրենիքի պաշտպանության համար մղված տեղային ու մասշտաբային բոլոր ռազմական գործողություններին կամավորների ներկայությունը։

«Չմոռանանք  2014, 2016, 2020 թվականների պատերազմների օրերին դարձյալ շատ կամավորներ հասան առաջնագիծ։ Իսկ նկարներում իրենց կարող են գտնել 1989 թվականից մինչ օրս Հայոց բանակի կողքին կանգնած՝ կամավորական ջոկատների ազատամարտիկներ, ժամկետային զինծառայողներ, մանկապատանեկան կառույցների ներկայացուցիչներ, մշակութային խմբերի անդամներ և այլոք»,- հավելեց մեր զրուցակիցը։ 

Ցուցահանդեսը կկայանա փետրվարի 7-ին Թեքեյան կենտրոնում։ Այն նվիրված է ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-ամյակին։

Հունան Թադևոսյան