Արմեն Գրիգորյանը «զինաթափում» է Արցախը

Արմեն Գրիգորյանը «զինաթափում» է Արցախը

«Պատերազմի բերումով ԼՂ մուտք գործած ԶՈւ ստորաբաժանումները վերադառնում են ՀՀ»: Այդ մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

ՔՊ-ականները դե-ֆակտո «զինաթափում» են Արցախը՝ սա Արցախի հայաթափման երկրորդ փուլն է՝ առաջինը 44-օրյա պատերազմից հետո ստորագրված խայտառակ, ոչ հայանպաստ կապիտուլյացիոն փաստաթուղթն էր:

Արմեն Գրիգորյանն, ով ի պաշտոնե պետք է ամրապնդի ազգային անվտանգությունը՝ ռազմական, ռազմաքաղաքական բաղադրիչներով, շարունակում է մտքով գտնվել «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունում՝ «խաղաղության դարաշրջան» բացելով Ադրբեջանի հետ:

Արցախից հայկական զինուժի դուրսբերումն ազդելու է ոչ միայն Արցախի, այլ նաև Սյունիքի անվտանգության վրա: Եթե ՔՊ-ականների հույսը միայն ռուսական զորքերն են, ապա նրանք պետք է օր առաջ հրաժարական տան: ՀՀ-ի ու Արցախի անվտանգության միակ, գլխավոր երաշխավորը պետք է մնա հայոց բանակը, իսկ ՀՀ-ի ռազմավարական դաշնակից ՌԴ-ի զորքը՝ լրացուցիչ երաշխավոր է հայոց պետականության և հայ ժողովրդի ֆիզիկական գոյության:

Անվտանգային համակարգի մասին վիքիպեդիայից տեղեկացված ՔՊ-ականները կազմաքանդում են ներքին և արտաքին անվտանգային ինստիտուտները:

Արմեն Գրիգորյանն արցախցի լինելով` Արցախը զրկում է իր ռազմական ներուժից՝ անգամ եթե հայկական զորքերի դուրսբերումն ամրագրված է Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթում՝ հայամետ իշխանությունները պետք է գտնեն այդ բացը լրացնելու միջոց կամ այդ կետը շրջանցելու հնարավորություն:

Վահրամ Բագրատյան