Ես ինձ փուռը չտվեցի, ես արեցի էն, ինչ պետք է անեի, ու չեմ զղջում դրա համար․ Միհրան Պողոսյանը՝ կոկաինի գործի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, MediaHub-ը բացառիկ հարցազրույց է արել 2018 թվականի Հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ, որի նկատմամբ Հայաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել և հետախուզում հայտարարել։ Նա այս պահին բնակվում է Մոսկվայում ու զբաղվում բիզնեսով։
Հարցազրույցի առաջին մասում, որը հրապարակել էինք երեկ, Պողոսյանը նշել էր, թե «Հայաստանի Հանրապետությունը իմ երկիրն է, ու ոչ ոք չի կարող էնպես անի, որ ես չվերադառնամ, ոչ ոք՝ ամենամեծ ցանկությամբ անգամ։ Պարզապես էսօր անվտանգ չի ինձ համար էդտեղ, դրա համար ես էդտեղ չեմ»։ Նաև խոստացել էր, որ հայտարարություն չի արել, թե չի վերադառնալու և խոստացել՝ «մոտ ժամանակներս լիքը բան կլսեք»։
Այժմ կներկայացնենք մեր զրույցի մյուս հատվածը, որտեղ Պողոսյանը խոսում է իր ընկերության կողմից ներկրված բանանի արկղերում հայտնաբերված մոտ մեկ տոննա կոկաինի, այդ մասին իր կողմից ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին զանգով տեղեկացնելու և դրանից հետո իր նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։
-Պարո՛ն Պողոսյան, ի վերջո, այդ կոկաինի հայտնի դեպքը Ձեզ հետ ի՞նչ առնչություն ուներ։ Դուք զանգել և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին հայտնել էիք, որ կապ չունեք այդ կոկաինի հետ, որ արկղերում նման բան է հայտնաբերվել․․․
-Ես չասացի, որ ես կապ չունեմ, ես ասացի, որ էսպիսի բան է եկել, ես փոխանցում եմ ինֆորմացիան ձեզ, ամբողջ ռեսուրսները՝ «ձեզ, որ դուք ձեր աշխատանքը կատարեք»։ Ու իրենք իրենց աշխատանքը կատարեցին։ Իրենք սկզբից շատ լավ կատարեցին իրենց աշխատանքը, հետո արդեն հիմար դեպքերի առնչությամբ՝ մնացածը արդեն գիտեք, թե ինչ, ոնց․․․ Այսինքն՝ փորձեցին դա օգտագործել որոշակի օղակներով՝ որպես իրենց դիվիդենտներ։ Համենայնդեպս, ութ ամիս է՝ մարդիկ նստած են, երեք հոգի են, ու ոչ մի գործողություն իրենց հետ չի կատարվում, բացարձակապես ոչ մի գործողություն։ Այսինքն՝ պարզապես սահմանափակել են իրենց շարժը, էդքան բան։
Ինչևէ։ Ոնց որ օֆշորը եղավ ժամանակին՝ 2016 թվականին, էնպես էլ սա եղավ։ Դրա մասին մենք հետո կխոսենք։ Այ, ոնց որ օֆշորը եղավ, ու մինչև հիմա օֆշորի փողերն են ման գալիս ու չեն գտնում, այ տենց էլ սա եղավ։ ( Հիշեցնենք, 2016թ. ապրիլի 4-ին հրապարակել էր «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հետաքննությունը, որով ներկայացվել էր Միհրան Պողոսյանի` օֆշորային ընկերությունների միջոցով ծավալած գործունեությունը- խմբ.)
-Ի դեպ, Ձեր կարծիքով՝ ոչնչացրե՞լ են այդ մեկ տոննա կոկաինը։
-Չգիտեմ, Ազգային անվտանգության ծառայության դաշտում է էդ ամեն ինչը, կարող եք հարցում անել, իրենցից իմանալ՝ ոչնչացրել են, թե ինչ են արել։ Համենայնդեպս, մենք մեզ պահել ենք որպես էն անձնավորություն, որպես էն քաղաքացի, ոնց պետք է պահեր նորմալ մարդը իրեն՝ միանգամից տեղյակ պահելով նման բանի մասին ամենաբարձր օղակին՝ ԱԱԾ-ին։
-Ու դա չգնահատվե՞ց, փաստորեն։
-Գնահատել պետք չէր, ընդամենը պետք է իրենց աշխատանքն անեին մինչև վերջ, այլ ոչ թե դա իրենց համար որպես քաղաքական դիվիդենտ օգտագործեին։
-Մի տեսակ ստացվում է՝ Դուք Ձեր գլխին «սարքեցիք» այդ քայլով կամ ինքներդ Ձեզ «փուռը տվեցիք»:
-Ես ինձ փուռը չտվեցի, ես արեցի էն, ինչ պետք է անեի, ու չեմ զղջում դրա համար, ես ճիշտ եմ արել ամեն ինչ։ Ինչ պետք է անեի, դա էլ արել եմ ու շատ ճիշտ եմ արել։ Հակառակ դեպքում կլիներ փուռը տալ։ Էս դեպքում փուռը տալ չի։
-Դրանից հետո Ձեր և ԱԱԾ տնօրենի միջև կապ չի՞ եղել։
-Ոչ, ինձ ոչ ոք չի զանգել, որ չվերցնեմ հեռախոսը։
Վահե Մակարյան