Թորոսյանը «վիզ է դրել» Ալեն Սիմոնյանից և Նիկոլ Փաշինյանից ավելի թրքամետ երևալ․ Աղաբեկյան

Թորոսյանը «վիզ է դրել» Ալեն Սիմոնյանից և Նիկոլ Փաշինյանից ավելի թրքամետ երևալ․ Աղաբեկյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքայն էջում հրապարակել է  «Յառաջ» օրաթերթի 1920թ. նոյեմբերի 20-ին հրատարակված  հոդվածներից մեկը՝ նվիրված Թուրքիայի և Ռուսաստանի հետ հարաբերություններին։

«Եթե հայ ժողովուրդը կամենում է ապրել և ապահովել իր պետական և ֆիզիկական գոյությունը հարատևորեն, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թուրքական կողմնորոշում:
Եվ եթե հայ ժողովուրդը վերջին համաեվրոպական պատերազմի ժամանակ չունենար ռուսական կողմնորոշում, այլ լիներ թուրքերի հետ առանց վերապահության, ամենայն հավանականությամբ, նա խուսափած կլիներ կոտորածներից և նրա վիճակը վրացիներից էլ լավ կլիներ»,-հատկապես այս հատվածի վրա է ուշադրությունը սևեռել քաղաքական գործիչ Արամայիս Աղաբեկյանը։

«Արսեն Թորոսյանին շատ է դուր եկել դաշնակցականների պաշտոնական «Յառաջ» օրաթերթի 1920թ. նոյեմբերի 20-ի խմբագրականը՝ նվիրված Թուրքիայի և Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Այնքան, որ նա խորհուրդ է տվել բոլորին կարդալ մինչև վերջ և տարածե՛լ։ Նախկին նախարարի սիրտը ուղղակի փառավորվել է հարազատության զգացողությունից»,-MediaHub-ին ասաց Աղաբեկյանը։

Թորոսյանը «Յառաջ»-ի խմբագրականը հրապարակել է այս օրերին, երբ հայկական ԶԼՄ-ների միջոցով հայ ժողովուրդը դատապարտեց Ցեղասպանության «ուրացման» իշխանության առաջին քայլերը։ ՔՊ-ականներն այժմ կարևորագույն առաքելություն  են ստանձնել․ պատմական բոլոր իրադարձությունները նորից ու կրկին բարդել նախկինների վրա, անգամ եթե դա մեկդարյա վաղեմություն ունի։

«Արսեն Թորոսյանը, ով նախարար դառնալուց հետո մեծ մեդիաարշավ էր սկսել իր անձի շուրջ և քաղաքական ծեծ կերել այս առթիվ Նիկոլ Փաշինյանից, այժմ տարօրինակ կերպով ակտիվացել է։ Նա արդեն վիզ է դրել Ալեն Սիմոնյանից և Նիկոլ Փաշինյանից ավելի թրքամետ երևալ։ Ասեմ ավելին, կարծես թե քաղաքական առումով վերածնվող Թորոսյանը ինչ-որ տեղերում գուցե և այն երկու նախկին առաջատարներին գերազանցել է»,-հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան