Կենտրոնը բա՞ց է լինելու միայն պետական համարանիշներով մեքենաների համար

Կենտրոնը բա՞ց է լինելու միայն պետական համարանիշներով մեքենաների համար

MediaHub-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանում քննարկումներ են եղել մի առաջարկի շուրջ, ըստ որի Կենտրոնը առավոտյան ժամերին՝ մինչև 10:00, բաց լինի միայն պետական համարանիշներով մեքենաների համար։  

Արդյոք կա՞ն նման քննարկումներ և հակվա՞ծ է քաղաքապետարանն ընդունել մի որոշում, որով Կենտրոնը կփակվի այլ մեքենաների համար: Արդյո՞ք քաղաքային իշխանությունները պատրաստվում են Երևանում ներդնել եվրոպական կամ ասիական երկրներում գործոն նման չափորոշիչները։

Հարցերի պատասխանը ստանալու համար MediaHub-ը զրուցեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ։

Վերջինս հերքեց շրջանառվող տեղեկությունը։ «Իհարկե չկա այդպիսի բան, այդ մասով որևէ քննարկում չի եղել։ Ընդհանրապես նման քննարկում չկա՝ ո՛չ հիմա, ո՛չ մոտ ապագայում»,- շեշտեց Հայկ Կոստանյանը։

Հուսանք, որ իսկապես նման հարց օրակարգում չկա, քանզի վարորդների համար սա հերթական հարվածը կլիներ: 

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Երևանի ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանվել են նոր դրույքաչափեր, որոնք այսուհետ հաշվառվում են ըստ քաղաքի գոտիավորման: Քաղաքապետարանն այս որոշումը հիմնավորում է կենտրոնի բեռնաթափմանն ուղղված անհրաժեշտությամբ:

Մարիաննա Արամյան