Պատերազմը էս իշխանությունների թեթեւ ձեռքով տեղափոխվեց Հայաստան
Ռուսաստան-միավորված Արեւմուտք այսօրվա պատերազմը այս իշխանությունների թեթեւ ձեռքով տեղափոխվեց Հայաստան. մեկն ասում է՝ եթե իմ հետ չես, ուրեմն քո հետ անելիք չունեմ, մյուսը՝ եթե իմ հետ չես, ապա ինձ դեմ ես։ Այս վիճակի մեջ է հայտնվել մեր երկիրը․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
«Հայաստանը պետք է դադարեցնի ուրիշներին մեղադրել։ Եթե մենք մեզ չփորձենք պաշտպանել, ոչ ոք չի պաշտպանելու։ Մենք մեզ ներսից ու դրսից թուլացրել ու հայտարարում ենք, թե ոչ ոք մեր կողքին կանգնած չէ։ Ինչո՞ւ ենք ԱԳՆ-ում այդքան դիվանագետ պահում, ինչի՞ համար է այդ կառույցը, եթե պիտի վերջում հայտարարենք, թե ոչ ոք մեր կողքին կանգնած չէ»,-նշեց պատգամավորը։
Անդրադառնալով կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքներին՝ Ռուստամյանն ասաց, որ այդ բանակցություններում չի տեսնում Հայաստանի շահածը, տեսնում է միայն Ադրբեջանի շահածը.
«Միակն այն էր, որ գերիներին պետք է ազատ արձակել, այն էլ վաղուցվա պահանջ էր, որը պետք է իրականացվեր անկախ այս համաձայնությունից: Ադրբեջանին ավելի մեծ պահանջներ կա ներկայացված՝ միջազգային դատարանի որոշումն է անտեսել, դրա մասին մի ծպտուն հանե՞լ է Շառլ Միշելը: ԵՄ արժեհամակարգը պաշտպանող գլխավոր անձանցից մեկն այս պայմանները համարում է նորմալ: Հայաստանն է դա համարում նորմալ, բա մի տող չե՞ք ուզում գրեք, որ ժողովուրդն այնտեղ արնաքամ է լինում, գոնե դա գրեք, անհապաղ այդ հարցը պիտի լուծվեր։ Եթե այդ հարցը չի լուծվել, ոչ մի հարց էլ չի լուծվել։ Ադրբեջանն ուղղակի պատերազմի սպառնալիքով հարցեր է լուծում եւ սա դարձել է նորմ»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Ռուստամյանը հավելեց՝ մոտեցել ենք նրան, որ Փաշինյանը պիտի ասի՝ «Հայաստանն Ադրբեջան է եւ վերջ»:
Մանրամասն՝ տեսանյութում