Ես հոգեբան չեմ, որ Արայիկ Հարությունյանի ներքին հույզերը գնահատեմ․ պատգամավոր

Երեկ հրավիրվել է Արցախի Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որին ներկա է եղել նաև նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ըստ տարածվող տեղեկությունների՝ փակ քննարկումը բավականին լարված է անցել։
Հանդիպմանը ներկա անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանից MediaHub-ը հետաքրքրվեց, թե արդյո՞ք լարված է անցել քննարկումը և ի՞նչ է ասել Հարությունյանը ստեղծված իրավիճակի և դրա լուծումների մասին։ Վերջինս պատասխանեց․
«Հանդիպումը փակ է եղել, հետևաբար ճիշտ չի լինի և չի կարելի շատ հարցերի մեկնաբանություն տալ, բայց կարող եմ ասել, որ որևէ լարվածություն չի եղել, եթե ներկաներից որոշները լարվել են դա դեռ չի նշանակում թե լարվածություն է եղել։ Լավատեսական ելքերի կամ պեսիմիզմի մասին խոսելը անիմաստ է, որովհետև նույնիսկ ուղտի ականջում քնած մարդիկ էլ գիտեն, որ արդեն 200 օրից ավել է Արցախը շրջափակման մեջ է, արցախահայությունը 44-օրյա պատերազմի ողբերգության հետևանքների տակ ճզմված , նոր տառապանքներ է կրում ուստի ցանկացած ադեկվատ մարդու համար լավատեսության մասին խոսելը այս փուլում մեղմ ասած տարօրինակ կլիներ»,-ասաց նա։
Նշենք, որ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը MediaHub-ին փոխանցել էր, որ Արայիկ Հարությունյանն ավելի է լարվել, երբ ինքը մտքերի փոխանակության ժամանակ հիշեցրել է, թե նախորդ տարի ինչ հայտարարություններ էր անում Արցախի իշխանությունը։
«Խոսքը վերաբերում է թե՛ Քաշաթաղի միջանցքին, երբ մենք բարձրաձայնում էինք վտանգները, իսկ ինքը մեզ պոպուլիստ էր որակում։ Ինքը հայտարարել էր, որ Բերձորը, Աղավնոն ու Ներքին Սուսը հանձնելու դիմաց նոր միջանցքի հինգ կիլոմետրանոց հատվածում կարող ենք վերաբնակեցնել մարդկանց, թե՛՝ ՀՀ իշխանություններին դեմ արտահայտվելու անհրաժեշտությանը։ Բացի այդ, մեզ վստահեցնում էին, որ կա եռակողմ փաստաթուղթ՝ կապված միջանցքի, դրա նկատմամբ վերահսկողության հետ։ Ի պատասխան իմ այդ հայտարարության՝ Արայիկ Հարությունյանը էմոցիոնալ բռնկման մեջ ընկավ, ապա ասաց, որ շարունակում է պնդել, թե մենք պոպուլիսներ ենք ու խուճապ ենք տարածում»,- ասել էր Հակոբյանը։
Կարեն Հովհաննիսյանը, սակայն, հակառակը պնդեց․ «Հաստատ նախագահը չի լարվել ու ողջ ընթացքում շատ հավասարակշռված ու բնական վիճակում է եղել։ Ես հոգեբան չեմ, որ իր ներքին հույզերը գնահատեմ։ Եթե որևէ մեկն էլ լարվել է, ապա հաստատ ոչ ես։ Արցախահայությունը դեռևս չթոթափած 44-օրյա պատերազմի վերքերը, արդեն 200 օրից ավելի է՝ գտնվում է շրջափակման մեջ և հույսներս միայն մեր վրա ենք դնում և Տիրոջ։ Ու նախագահի կոչը եղել է դա, որ միայն համատեղ ուժերով և կազմակերպված հասարակությամբ է, որ կկարողանանք հաղթահարել բոլոր փորձությունները»։
Լիաննա Թորոսյան