Աղքատ ընտանիքների երեխաներն ավելի հաճախ են օգտվում սոցցանցերից

Ցածր սոցիալական կարգավիճակ եւ եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներն ավելի հավանական է, որ կախվածություն ունենան սոցիալական ցանցերից, քան նրանց մյուս հասակակիցները: Այսպիսի եզրակացության է հանգել եվրոպացի եւ կանադացի գիտնականների խումբը հետազոտության ընթացքում, որին մասնակցել են 43 երկրների 11, 13 եւ 15 տարեկան գրեթե 180 000 դեռահասներ, գրում է News.am-ը։
Սոցիալական ցանցերից կախվածության աստիճանը հաշվարկվել է հարցաթերթիկի միջոցով։ Ընտանեկան կարգավիճակը որոշել են տան չափերով, արտասահմանում հանգստանալու թվով եւ այլ ցուցանիշներով։ Հաշվի է առնվել նաեւ սոցիալական աջակցությունը, հարազատների օգնությունը եւ երկրի բարեկեցությունը։
«Մեր եզրակացությունները մատնանշում են անհատական, դպրոցական եւ պետական մակարդակներում սոցիալական անհավասարությունների պոտենցիալ վնասակար ազդեցությունը դեռահասների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման խնդիրների վրա: Քաղաքական գործիչները պետք է միջոցներ մշակեն այս անհավասարությունները նվազեցնելու համար, որպեսզի սահմանափակեն դեռահասների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման չկարգավորված մոդելները»,- եզրափակել է հետազոտության առաջատար Միքելա Լենզին: