ՊԵԿ նախագահը չհերքեց, որ Բադասյանի օրոք 800 միլիոնով գնված տեսախցիկներն այս պահին նորմալ օգուտ չեն տալիս

ՊԵԿ նախագահը չհերքեց, որ Բադասյանի օրոք 800 միլիոնով գնված տեսախցիկներն այս պահին նորմալ օգուտ չեն տալիս

Պետեկամուտների կոմիտեն անցյալ տարվա ընթացքում, երբ դեռ նախագահը Ռուստամ Բադասյանն էր, շուրջ 800 մլն դրամ բյուջեից տալիս ու տեսախցիկներ է ձեռք բերում, որոնք պետք է, իբրև թե, հարկայինի տեսուչներն օգտագործեին հսկիչ գնում կատարելու ընթացքում։ Նպատակը այդ գործընթացն ավելի թափանցիկ դարձնելն ու կոռուպցիան բացահայտելը և նվազեցնելն էր։

Բայց, մեր տեղեկություններով, այդ տեսախցիկները մինչ օրս որևէ օգուտ չեն տվել, որովհետև կա՛մ չեն կիրառվել, կա՛մ կիրառվելիս էլ միացվել են ոչ թե բուն հսկիչ գնում կատարելու պահին, այլ դրանից հետո, ինչն ուղղակի անիմաստ է։ Հետևաբար, ստացվում է՝ Բադասյանի օրոք և Բադասյանի որոշմամբ 800 մլն դրամ ուղղակի վատնել են կամ ծախսել ոչ մի բանի համար։

Երբ այս մասին MediaHub-ը հիշեցրեց ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին, վերջինս չհերքեց, որ այդ տեսախցիկներն այս պահին դեռ որևէ արդյունք չեն տվել և ըստ նշանակության և ճիշտ ձևով չեն կիրառվում։

«Չէ, հիմա տեսեք, ոչ թե տեսախցիկը օգուտ չի տալիս, բերեք ճիշտ մեկնաբանենք, այլ տեսախցիկը պետք է, որպեսզի մենք կարողանանք վերահսկողություն ունենալ մեր աշխատողների նկատմամբ, որ իրենք անաչառ ձևով իրենց հսկողությունն իրականացնեն։ Դա ակնհայտ է։ Հիմա հաջորդ մեխանիզմը, որ ասում եք՝ ոնց անենք, որ դա արդյունավետ դառնա, էստեղ շատ կարևոր հանգամանք կա, թե ո՞ր պահերը պետք է ստուգվեն էդ տեսախցիկներով։ Հիմա դա բաց հարց է, որ ներկայումս քննարկում ենք»,- ասաց պարոն Հակոբյանը՝ փաստացի չհերքելով, որ դրանք այս պահին դեռ որևէ օգուտ չեն տալիս։

Այսինքն՝ դրանց կիրառումը այս պահին փաստացի արդյունավե՞տ չեն, Հակոբյանը նորից չհերքեց մեր ասածը․ «Չէ, աշխատում են, բայց, այո, կան մասեր, ճիշտ եք ասում, որտեղ այդ տեսախցիկները ոչ թե միտումնավոր, այլ էդպես է սահմանված, որ չեն օգտագործվում էդ հատվածներում։ Բայց էն պահերին, որտեղ պետք է օգտագործել, օգտագործվում են, այդ թվում՝ մաքսային ծառայողների համար»։

Վահե Մակարյան