Երեք անչափահաս երեխա տանը սպասում են գերեվարված հոր վերադարձին

Երկու օր առաջ Կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածության համաձայն Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ զինծառայողի:
MediaHub-ը կապ հաստատեց գերությունից վերադարձող Վահագն Բահրիկյանի կնոջ՝ Լիլիթի հետ։
Նա ասաց, որ ամբողջ ընտանիքը, հարազատներն ու երեք անչափահաս երեխաները անհամբերությամբ սպասում են 3 տարի գերության մեջ անցկացրած Վահագնի վերադարձին։
«2020 թվականի դեկտեմբերի 12-13-ը ընկած ժամանակահատվածում ամուսնուս առևանգել են Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի մոտակայքից, նա 42 տարեկան է, պահեստազորային էր, ունենք երեք անչափահաս երեխա։ Մենք կողքից իմացել ենք, որ արդեն Հայաստանում են, իսկ մեզ պետությունից ոչ մի տեղեկություն չեն տվել»,- ասաց Վահագնի կինը։
Նա նշեց, որ այս երեք տարվա ընթացքում ամեն 40 օրը մեկ Կարմիր խաչի միջոցով տեսանյութ էին ուղարկում, նամակ էին բերում։ Անգամ ուղիղ զանգ են ունեցել և կապ են հաստաել Վահագնի հետ։ «Տեսանյութերում ասում էր, որ «ամեն ինչ լավ է, մի մտածեք իմ մասին, սնունդը կա, ամեն ինչ կա, մի օր էլ մենք կվերադառնանք»։ Եվ ահա այդ օրը եկավ, և նա վերադառնում է ու շուտով կտեսնի իր երեք երեխաներին, ովքեր անհույս սպասում էին երեք տարի»,- ասաց Լիլիթը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին:
«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»,- նշված էր համատեղ հայտարարության մեջ։
Մարիաննա Արամյան