Մամուլը՝ սուրճով

Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․

Չնայած իշխանությունը ո՛չ ռազմական դրություն, հետեւաբար, ո՛չ էլ զորահավաք հայտարարեց, սակայն Սյունիքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժի հարձակման հենց առաջին օրը կապանցիները, գորիսեցիները եւ հարակից համայնքների բնակիչները տասնյակներով ներկայացել են համայնքապետարաններ եւ տեղական իշխանություններին պարտադրել, որ համայնքապետարաններին կցված զենքով իրենց զինեն, ձեւավորեն կամավորական ջոկատներ, որ մեկնեն սահման` իրենց բնակավայրերը պաշտպանելու։

«Հրապարակ»  թերթը գրում է․

Կարին Տոնոյանը երեկ Ազգային ժողովի մոտ հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե վաղվանից գործադուլ ու հացադուլ է սկսում: Թե ինչ գործադուլ ու հացադուլ, մարդիկ չհասկացան։ Ավելի ուշ բեմ բարձրացած մի աղջիկ հայտարարեց, որ մեզ ուժեղ առաջնորդ է հարկավոր։

«Հրապարակ» թերթը գրում է․

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն օրերս հայտարարել էր, որ ազդեցիկ, փորձ ու ներուժ ունեցող մարդիկ՝ ՀՀ նախկին նախագահները, ԱԳ, պաշտպանության նախարարները, Վեհափառ հայրապետը պետք է հանդիպեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, եւ «միմյանց աչքերի մեջ նայելով, ստեղծված իրավիճակը գնահատելով՝ գտնեն լուծումներ»:

«Հրապարակ»  թերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանին անվստահություն` իմպիչմենտ հայտնելու գործընթաց սկսելու համար Ազգային ժողովի շենքի առաջ նախօրեին կայացած բազմահազարանոց հավաքի ժամանակ հայտարարվել էր, թե խմբերով պատրաստվում են գնալ ՔՊ-ական պատգամավորների տները եւ նրանց «բերման ենթարկել», եթե ինքնակամ չեն ներկայանում եւ չեն ստորագրում իմպիչմենտի ձեւաթուղթը։

Իշխանական խմբակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ միայն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի տան հասցեով են մի խումբ քաղաքացիներ գնացել, սակայն պատգամավորը տանը չի եղել, ինչպես իրենց հաշվառման հասցեներում չէր ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը։ Սակայն այցելությունների մասին հայտարարություններն աննախադեպ անհանգստություն են առաջացրել ՔՊ-ական պատգամավորների մոտ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

 ՀՀ Գլխավոր դատախազության կոլեգիայի հրաժեշտի նիստը եւ նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանի մուտքը Գլխավոր դատախազություն բավականին ուշագրավ մթնոլորտում են անցել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստի ժամանակ որեւէ դատախազի հետ չի շփվել եւ որեւէ բառ չի ասել: Նա բացառապես խոսել է ՀՀ հեռացող Գլխավոր դատախազի՝ Արթուր Դավթյանի հետ. նրան գիրք է նվիրել եւ հաջողություն մաղթել: Այս ամենից հետո Աննա Վարդապետյանը ամբիոնից դատախազներին պատմել է իր մասին ու հեռացել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 14-ին՝ Ազգային ժողովի դարպասների առջեւ տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մի մասը կառավարական ամառանոցում՝ Նիկոլ Փաշինյանի կեցավայրում են եղել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցությանը (որին նաեւ Արցախից ժամանած պատվիրակությունն է ներկա եղել) կոնկրետ պատասխաններ ենթադրող հարցեր են հնչել։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննարկման մասնակիցներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, թե որեւէ փաստաթուղթ չի ստորագրել ու չի էլ պատրաստվում ստորագրել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը, որը ձու է արտադրում, այս տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է տուգանվում։

Նույն խախտումն ընկերությունն արել է նաեւ այս տարվա ապրիլին։ Հիշեցնենք՝ այս տարեսկզբին «Շիրակ» թռչնաֆաբրիկան մեծ անհանգստություն պատճառեց հավկիթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին. ընկերությունը ինքնարժեքից էժան ձու էր հանել վաճառքի: Այս ընկերությունը ձվի շուկայում գնային տատանումներ էր անում: