Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է․
Սիսիանում ՔՊ-ի թեկնածուին իր ձայնով համայնքապետ դարձրած պատմության ուսուցչուհի Նախշուն Յազուլյանն Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության ցուցակով առաջադրված ավագանիներից է։ Նա հոկտեմբերի 12-ին «դավաճանեց» կուսակցությանն ու ընտրեց ՔՊ թեկնածու Արմեն Հակոբջանյանին։ Այդ նիստից անմիջապես հետո կինը նոր հեռախոս է գնել իր համար։ Հետո դպրոցում ըմբոստ աշակերտներն ուսուցչուհուց հետաքրքրվել են՝ ՔՊ-ին աջակցության դիմա՞ց եք հեռախոսը նվեր ստացել։ Յազուլյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ նիստի օրն է հեռախոս գնել, սակայն ասաց, թե հեռախոսն ապառիկով է վերցրել՝ բանկերից մեկով։
«Հրապարակ» թերթը գրում է․
Մինչ արտաքին մարտահրավերները սպառնում են Հայաստանին, իշխանության թիմը՝ բեւեռների բաժանված, խուլ հակամարտության մեջ է։ ՔՊ ղեկավար մարմնի՝ վարչության նախագահի համար պայքարը շարունակվում է։ Այդ պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են, ավելի ճիշտ՝ հավակնորդներից երկուսն ունեն ընտրվելու ամենամեծ շանսերը՝ Սուրեն Պապիկյանը, ով պաշտպանական խնդիրներից առավել զբաղված է կուսակցությունում սեփական դիրքերի ամրապնդմամբ, եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանը։
«Հրապարակ» թերթը գրում է․
Հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Սակայն 1991-95թթ․ ՀՀ ԳԽ անդամները հայտարարեցին, որ այդ հռչակագիրը Հայաստանը վավերացրել է վերապահումներով՝ նշելով, որ այն չի վերաբերում Արցախին։
ԱԺ-ից մեզ ասացին, թե իրենց արխիվում նման փաստաթուղթ չկա, հնարավոր է՝ Ազգային արխիվում լինի։ Մենք հարցում ենք արել, որպեսզի պարզենք, թե ուր է անհետացել պատմական փաստաթուղթը, որի ընդունմանը 260 մարդ է մասնակցել, եւ բազում մարդիկ են տեղեկացված։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք դատարաններում բազմապիսի վերաձեւավորումներ եղան: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ջանքերով առանձնացան դատավորներ, որոնք քննում են բացառապես մինչդատական վարույթների գործերը: Մասնագիտական հանրույթը այդ դատավորներին որակել է իբրեւ իշխանության համար կալանք տվող դատավորներ: Եւ, ահա, այդպիսի դատավորներից մեկը՝ Արուսյակ Ալեքսանյանը, որ հոկտեմբերի 17-ին ձերբակալվեց, թեեւ իշխանությունների հրահանգները անվրեպ կատարել է, բայց դարձավ նույն իշխանության համար կոռուպցիայի դեմ պայքարի վիճակագրություն:
«Հրապարակ» թերթը գրում է․
Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Դավիթ Բաբայանի միջեւ տեւական ժամանակ է՝ շփում չկա․ նրանք անցած տարվա սեպտեմբերից չեն հանդիպել: ԱՀ ԱԳՆ կայքում անգամ նրանց հեռախոսազրույցի մասին լուր չկա։ Վերջին հանդիպումը, ըստ կայքի, 2021-ի սեպտեմբերի 7-ին է եղել։ Կան տեղեկություններ, որ միջգերատեսչական կապի խզման պատճառը միջանձնային հարաբերություններն են․ Դավիթ Բաբայանը՝ իր ընդգծված ռուսամետ հայացքների պատճառով, Միրզոյանի համար պերսոնա նոն գրատա է։ Սակայն կոնֆլիկտը վերջերս կարծես հարթվել է, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն ԱՀ քաղաքական շրջանակների հետ հանդիպումների ընթացքում ոգեւորությամբ խոստովանել է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը միջնորդի առաքելություն է ստանձնել նախորդ շաբաթ Երեւանում իրենց գտնվելու ընթացքում, եւ արտգործնախարարներն այսուհետ նորմալ կշփվեն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 15-ին, Վանո Սիրադեղյանի մահվան մեկ տարվա հիշատակի արարողությունն է տեղի ունեցել: Սիրադեղյանի հարազատների ու ընկերների շատ նեղ շրջանակ հավաքվել է հայտնի գործչի հայրենի Կոթի գյուղում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի տարելիցի ու հիշատակի արարողութունը կինը՝ Ռուզան Տոնոյանն է կազմակերպել: Մեզ հայտնի դարձավ, որ տարելիցի արարողությանը բավականին սահմանափակ թվով մարդիկ են ներկա եղել՝ մոտ 50-60 մարդ. նախկին դաշնակցական, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն է եղել, «Սարդարապատ» հուշահամալիրի նախկին տնօրեն Կարեն Արիստակեսյանը, Սիրադեղյանի ընտանիքի անդամները, հարազատները: Մեզ ասացին, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից որեւէ մեկը ներկա չի եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայկական ավանդական շամպայն առաջիկայում, հնարավոր է, վաճառքի չլինի: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել Երեւանի շամպայն գինիների գործարանի աշխատակիցները՝ տեղեկացնելով, որ արդեն չորս ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում. «Մայիսից հետո աշխատավարձ չենք ստացել, արդեն չորս ամիս է՝ գործարանը մատնված է անգործության, ցիստերները քանդում, մաս-մաս վաճառում են:
«Իրավունք» թերթը գրում է.
«Երեւանի ավագանին 31 կողմ, 5 դեմ եւ 4 ձեռնպահ ձայներով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցի համար 320 հասցեի նոր կառուցվող թաղամասն անվանակոչեց, ո՛չ ավել, ո՛չ պակաս, «Դեֆանս Հաուզինգ»:
Իրավիճակի ախտորոշումը տվեց հոգեբան, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նաիրա Խառատյանը. «Այսպես մենք նախադեպ ենք ստեղծում՝ հետագայում ցանկացած մունգու-յունգու ցեղի ներդրում իրենց անունով կոչելու»:
«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքին» որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է ասել Փաշինյանը ԱՀ պատվիրակությանը: Մասնավորապես՝ ըստ աղբյուրի, Փաշինյանն ասել է, որ Արցախն ինքը թող որոշի իր արտաքին քաղաքականությունը, որ ՀՀ-ի վրա այդ մասով հույս չդնեն:
Միեւնույն ժամանակ ընդգծել է, որ ինչով կարող են կօգնեն, այդ թվում՝ ֆինանսական մասով խնդրի առաջ չեն կանգնի: Կարճ ասած, Արցախին այս վիճակին հասցնելով, Նիկոլը վերջնականապես որոշել է միայնակ թողնել: