Ընտրակեղծիքներ եղել են եւ լինում են, Սանոսյանի մոր առանձնատան հարցով գործընթացը կանգ է առել. Մամուլը՝ սուրճով

Ընտրակեղծիքներ եղել են եւ լինում են, Սանոսյանի մոր առանձնատան հարցով գործընթացը կանգ է առել. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«2018թ.-ի հոկտեմբերի 20-ին Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Խոստում – Ես բացառում եմ, որ ՀՀ-ում մեր կառավարության օրոք որեւէ ընտրություն կեղծվի»:

Իրականում ՀՀ-ում քաղաքացու քվեն արհամարհող նման իշխանություն երբեք չի եղել:

Ընտրությունները կայանում են, իշխանական թեկնածուն պարտվում է ընտրություններում, որից հետո կալանավորվում է ընտրված համայնքապետը, ինչպես եղավ Վանաձորում, Վարդենիսում (ավագանին) կամ ճնշումների, խոչընդոտներ հարուցելու արդյունքում կրկնակի ընտրություններ են նշանակում, ինչպես եղավ Թալինում, Վեդիում, Սիսիանում եւ այլ վայրերում։ Եվ, ի վերջո, պարզապես խլում են համայնքապետի պաշտոնը, ինչպես տեղի ունեցավ Ալավերդիում եւ Գորիսում։

Հիշեցնենք նաեւ, որ ընտրակեղծիքները մերժող ՔՊ-ն կեղծել է անգամ իր՝ կուսակցության ներսում անցկացված ընտրությունների արդյունքները։ «ժողովուրդ», օրաթերթը բացահայտեց, որ 2022թ․ հոկտեմբերի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վեցերորդ համաժողովը։ Ներկա 1060 պատվիրակներն ընտրել են վարչության 15-հոգանոց կազմ։ Հետո աղմուկ է բարձրացել, որ ՔՊ-ի ներսում քվեարկությունը կեղծվել է եւ տեղի է ունեցել ձայների վերահաշվարկ։

Արդյունքում, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը եւ խորհրդանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, փաստորեն, կեղծիքով են ընտրվել վարչության կազմում։ Նրանք դուրս են մնացել, եւ նրանց փոխարեն վարչության կազմը համալրել են Արսեն Թորոսյանը եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, որոնց օգտին տրված ձայները կեղծվել էին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գործել է ընտրակեղծարարների թիմ։ Իսկ ընտրակեղծիքների մասին առաջինը հայտնել էր հենց Արսեն Թորոսյանը եւ պահանջել վերահաշվարկ, որի արդյունքում էլ՝ դարձել էր վարչության անդամ»:

 

«Հրապարակը» գրում է․

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր 2023թ. դեկտեմբերի 25-ին: Այդ օրվանից համալսարանի կառավարումը` ռեկտորի պարտականությունների կատարումը, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, վերապահվել է պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանին:

Սակայն մեզ հայտնի դարձավ, որ շուրջ 9 ամիս համալսարանը ղեկավարող Զաքոյանը չի գրանցվել պետական միասնական գրանցամատյանում, այնտեղ որպես բուհի ղեկավար նշված է Ուռուտյանը: Այլ կերպ ասած, համալսարանի ռեգիստրի վկայականում Զաքոյանը չէ ղեկավարը: Իսկ թե ինչպես է նա ստորագրել որոշումներ, կարգադրություններ, հրամաններ եւ ֆինանսական փաստաթղթեր, կարող է որոշ մարմինների հետաքննության նյութ դառնալ: 

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Հակակառուպցիոն կոմիտեում կանգ է առել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու օրինականության ստուգման գործընթացը։ Գրեթե 4 ամիս նախաքննական մարմինը ստուգում է, սակայն սայլը տեղից այդպես էլ չի շարժվում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գնել Սանոսյանի ծնողների համար առանձնատուն կառուցելու գործընթացի օրինականությունը ստուգում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Պողոսյանը, որն անձամբ է ղեկավարում կառույցի օպերատիվ գործողությունները: Ինչպես հայտնի է` Հակակոռուպցիոն կոմիտեում «Հետքի» հրապարակումից հետո ստուգումներ են սկսվել` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ծնողների առանձնատան կառուցման փաստով:

Տեղեկությունը ArmLur.am-ին հայտնել էին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ, մինչև նախարար դառնալը արտագնա աշխատանքով զբաղվող (խոպանչի) Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում։ Սանոսյանի խոսնակ Սոնա Հարությունյանը նախարարի անունից հայտնել էր, թե առանձնատունը կառուցում են Սանոսյանի եղբայրները, և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանք է, բայց նա այդպես էլ չէր պարզաբանել՝ մինչև նախարար դառնալը, երբ Սանոսյանն էլ եղբայրների հետ արտագնա աշխատանքով էր զբաղվում, ինչու 3 եղբայր միասին չէին կարողանում մինչև 2018 թվականը մայրաքաղաքում առանձնատուն կառուցել:

Հույս ունեինք, որ այս գործը մինչև վերջ կքննվեր, այլ ոչ թե մյուս աղմկահարույց դեպքերի նման ծածկադմփոցի կարժանանար, սակայն այդ հույսերը չարդարացան։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե հասկանալու համար, թե ինչ պարզեցին այս 4 ամիսների ստուգման արդյունքում, կա քրեական վարույթ, թե ոչ: Ի պատասխան՝ հայտնեցին, որ քրեական վարույթ չկա։ Այսինքն, նորմալ է, որ նախարարի թոշակառու մայրը 230 հազար դոլարանոց տուն է կառուցում. ընդ որում դա երևացող մասն է»: