Երբ պատերազմի վտանգը ուժեղանում է, վազում են Մոսկվա, բայց երկու աթոռի վրա երկար նստել չի ստացվի

Երբ պատերազմի վտանգը ուժեղանում է, վազում են Մոսկվա, բայց երկու աթոռի վրա երկար նստել չի ստացվի

Նիկոլ Փաշինյանի France 24-ին տված հարցազրույցում կարելի է ընդգծել երկու հետաքրքիր փաստ․ առաջինը՝ Փաշինյանը չի բացառում, այլ հակառակն ասում է, որ Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա հավանական է։ Երկրորդը՝ Փաշինյանն ասում է, որ սառեցրել է մասնակցությունն ՀԱՊԿ-ի հետ:

Փաստացի, Փաշինյանը չի բացառում, որ հնարավոր է պատերազմ, բայց միևնույն ժամանակ նա ռազմավարական դաշնակցից և անվտանգություն երաշխավոր կազմակերպությունից, որն այս պահին միակն է, որ պատերազմի դեպքում կարող է մեզ օգնել, հրաժարվում է: Այսպես ասած՝ «թեքում է գլուխը» ՀԱՊԿ-ից։  

Հարց է ծագում՝ ի՞նչ է սպասվում Հայաստանի և ՌԴ-ի հարաբերություններին այսքանից հետո, որոնք առանց այդ էլ ծանր ժամանակներ են ապրում և ի՞նչ արձագանք սպասել․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ։

«Ճիշտ կլիներ, որ վարչապետը ոչ թե արձանագրեր պատերազմի սպառնալիքը, այլ ինքը խոսեր այդ սպառնալիքը կանխարգելու իր գործողությունների մասին։ Ադրբեջանը բացահայտորեն խոսում է «արևմտյան Ադրբեջանի» մասին, Նախիջևանի հետ ցամաքային կապ ունենալու մասին, Հայաստանի իրական տարածքը դիտում են 10.000 քառակուսի կիլոմետր։ Մեր թշնամի պետության ղեկավարը ինչ մտածում, այդ էլ ասում է։ Արևմուտքի թելադրանքով, իշխանությունները կա՛մ աջ են գնում, կա՛մ ձախ, հետո, երբ պատերազմի վտանգն ուժեղանում է, վազում են Մոսկվա, խնդրում են աջակցություն: Իսկ երբ պատերազմի վտանգի մակարդակը իջնում է նորից վազում են Փարիզ, Բրյուսել, Վաշինգտոն»,- ասաց Քեռյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի «դաշնակիցների» պահանջը մեկն է՝ Հայաստանը պետք է հստակ ու կոշտ հակառուսական դիրքորոշում ընդունի, դուրս գա բոլոր ռուսակենտրոն կառույցներից, Հայաստանից հանի ռուսական ռազմաբազան։ 

«Կտրուկ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությունը ունի շատ լուրջ սպառնալիքներ։ Հայաստանի իշխանությունները չգիտեն դեռ, կտրեն կապերը ռուսակենտրոն կառույցների՞ց, թե՞ ոչ, և ի՞նչ կտա ամբողջությամբ արևմտյան դիրքորոշումը։ Երկու աթոռի վրա նստելով, մեկ այս կողմ, մեկ այն կողմ գնալով չի լինի, ժողովրդական ասացվածքի վերջում աղվեսը միշտ էլ երկու ոտքով է ընկնում թակարդը»,- ասաց քաղաքագետը։

Հարցին, թե ՆԱՏՕ անդամ երկրի զորքը բերելով Հայաստան՝ հայ-ֆրանսիական զորավարժությունների անվան տակ, արդյո՞ք մենք կշարունակենք ունենալ լավ հարաբերություններ բարևեկամ Իրանի հետ, կամ պահպանել դաշնակցային հարաբերությունները ՌԴ հետ, Քեռյանն ասաց, որ հիմա էլ կան ԵՄ դիտորդներ, բայց հենց պատերազմը սկսվեց, դիտորդներն ուղղակի արձանագրելու են փաստը, որ պատերազմը սկսվել է և երրորդ օրն իսկ օդանավակայանից թռչելու իրենց մայրաքաղաքներ։

«Այստեղ ռազմական ներկայություն ունենալու ռեսուրսներ ու հնարավորություն ունեն երեք երկիր՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Իրանը հակաարևմտյան պետություն է և շատ հարցերում դեմ է անգամ եվրոդիտորդների ներկայությանը։ Հայաստանի իշխանությունները մի կողմից ՀԱՊԿ-ից նեղացած են ու սառեցնում են հարաբերությունները, մյուս կողմից՝ չեն կարող մերժել Ֆրանսիայի օգնության ձեռքը։ Նաև հարց է առաջանում՝ Ֆրանսիայի զենքը ո՞նց է գալու Հայաստան, ո՞ր երկրներով է գալու։ Թուրքիայո՞վ, Իրանո՞վ, Վրաստանո՞վ, որը պատերազմի ժամանակ արգելել էր իր տարածքով զենքի մատակարարում Հայաստան»,- եզրափակեց Քեռյանը։

Մարիաննա Արամյան