Ըստ Փաշինյանի՝ անկախությունից վեհ այլ գաղափար կա

Այսօր մենք ապրում ենք դժվար ժամանակներ, կրում ֆիզիկական և հոգեբանական անասելի տառապանքներ, բայց կարևոր է հասկանալ, թե ինչու պետք է անցնել փորձությունների այս ճանապարհը։  Այդ մասին ՀՀ անկախության օրվան նվիրված իր ուղերձում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս տառապանքները հանուն անկախության են, բայց կա ավելի վեհ նպատակի իրագործում՝ ապագայի սերունդների երջանկությունը։

«Մենք պետք է սերունդներին ժառանգենք մի Հայաստան, որտեղ մարդն ազատորեն կարող է ինքնարտահայտվել, ազատ և ստեղծագործ աշխատանքի միջոցով կառուցել սեփական երջանկությունը։ Այսօր էլ Հայաստանում կա ժողովրդավարություն, տնտեսական ակտիվություն․․․ Բայց սրա համար պետք է նաև խաղաղություն, որը կապահովի մեր պետության անկախությունն ու ինքնիշխանությունը»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ այս պայմաններում հատկապես պետք է խաղաղությունն արժևորվի, և խաղաղությունն ամենևին չպետք է շփոթել զինադադարի կամ հրադադարի հետ։

«Այս ճանապարհը հեշտ չէ․ պետք է արտաքին ու ներքին ցնցումներով անցնենք։ Մենք 2021-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցեցինք «ապագա կա՛» կարգախոսով։ ՀՀ խաղաղ, ժողովրդավար, բարեկեցիկ ապագան այն նպատակն է, հանուն  որի անցնում ենք այս ճանապարհով»,- իր ուղերձում ասաց  Փաշինյանը։

Իր խոսքը Նիկոլ Փաշինյանն ամփոփեց՝ երկու անգամ կրկնելով նույն միտքը՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ 

Իսկ ահա Արցախի մասին մեկ տառ անգամ չհնչեց։

Մանրամասները՝ տեսանյութում։