Մենք տարածքային պահանջ չունենք ոչ ոքից․ Փաշինյանն ասաց, թե որն է իր նպատակը

Խաղաղություն նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ ԱԺ-ում Կառավարության կատարողականը ներկայացնելիս ասաց Փաշինյանը՝ նշելով, թե ինչ խաղաղություն է խոստանում հայ ժողովրդին։

Նրա խոսքով՝ հարցերի հարցը հետևյալն է՝ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ Ադրբեջանի քայլերը կլինեն այդ խաղաղությանը միտված։ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ սա նույնպես իրենց պատասխանատվությունն է։

«Մենք այս ամենը պետք է հասկանալի դարձնենք ՀՀ քաղաքացիների համար։ Եթե մարդիկ դա հասկանան, նաև կընդունեն։ Ձեզ և մեզ հայտնի շատ ուժերի առանցքային նպատակն է այնպես անել, որ մենք կորցնենք քաղաքացիների հետ զրույցի թելը, փակվենք մեր կաբինետներում և կորցնենք էմոցիոնալ կապը քաղաքացիների հետ։ Մենք նման բան թույլ չենք տա։ Երբ տուն առ տուն մարդկանց բացատրենք, թե ինչ է տեղի ունեցել մեր երկրի շուրջ, նրանք մեզ կհասկանան։ Նրանք մեզ հասկանում են, հակառակ դեպքում՝ մենք էստեղ չէինք լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց, որ իրենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ են, որոնք մանդատ են ստացել քաղաքացիներից։

«Մենք շարունակում ենք պորտալարով կապված մնալ մեր քաղաքացիների հետ։ Եվ ուրեմն, խաղաղություն հնարավոր է, եթե մենք մեր միջազգային հարաբերություններում հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29.8 հզ․ քառակուսի կմ տարածքը, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը։ Որևէ այլ երկրից որևէ տարածքային պահանջ չենք ունենալու ու չունենք»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։