Դժվար կլինի շփվել ձայնի արագության պատճառով

Դժվար կլինի շփվել ձայնի արագության պատճառով

Հետազոտողների միջազգային խումբը վերլուծել է Perseverance մարսագնացի ձայնագրած ձայները եւ պարզել է ձայնի արագությունը մոլորակի վրա: Պարզվել է, որ այն ավելի ցածր է, քան Երկրի վրա: Ընդ որում, մի հետաքրքիր առանձնահատկություն է բացահայտվել. տարբեր ձայնային հաճախականություններ Մարսի վրա տարբեր արագություններով են շարժվում։ Եթե ​​գաղութաբնկիչները երբեւէ հաստատվեն այնտեղ, նրանց համար դժվար կլինի շփվել, փոխանցում է HighTech+-ը։

ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման լաբորատորիայի կողմից պատրաստված Perseverance տիեզերանավը Մարսի վրա վայրէջք է կատարել ընդամենը մեկ տարի առաջ՝ 2021 թվականի փետրվարին, եւ այդ ժամանակվանից ի վեր ուսումնասիրում է մոլորակի մակերեսը Եզերո խառնարանի տարածքում: Առաջին անգամ մարսագնացների գործիքները երկու խոսափող են ներառում, այնպես որ Perseverance կայքում կարելի է լսել, թե ինչ է հնչում Կարմիր մոլորակի վրա:

Գիտնականները վերլուծել են հավաքված աուդիո տվյալները եւ պարզել ձայնի արագությունը Մարսի վրա, գրում է Phys.org-ը։ Հաշվարկները ցույց են տվել, որ այս մոլորակի վրա ձայնը տարածվում է 240 մ/վ արագությամբ։ Երկրի վրա օդում ձայնի արագությունը մոտ 335 մ/վ է։

Հետազոտողները նաեւ պարզել են, որ ձայնի տարբեր հաճախականություններ տարբեր արագություններով են անցնում: 400 Հց-ից բարձր արագությունը մեծանում է մոտ 10 մ/վրկ-ով: Դա նշանակում է, որ Մարսի վրա խոսելը հեշտ չի լինի, քանի որ խոսքի առանձին հնչյունները տարբեր ժամանակներում կհասնեն ունկնդրի ականջին՝ դժվարացնելով դրանց ընկալումը։

SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի կանխատեսմամբ՝ առաջին տիեզերագնացները կկարողանան վայրէջք կատարել Մարսի վրա 2029 թվականին։ Եվ նրանք այնտեղ կթռնեն, իհարկե, նոր սերնդի Starship հրթիռով, որը մշակում է նրա ընկերությունը։