Ինչո՞ւ ոչ կին՝ տղամարդու փոխարեն, հատկապես, եթե տվյալ կինը տղամարդուց գեղեցիկ է․ Գալյանի ասուլիսի «խտրական» հմայքը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին այսօր ասուլիսի ժամանակ հուշեցինք, որ իր «չընկերուհի» Աննա Հակոբյանը բնավ էլ այս երկրի առաջին տիկինը չէ, ինչպես ինքը բնորոշեց նրան, և այդ մասին անգամ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է հրապարակային խոստովանել։
Տիկին Գալյանը, որ շատ սիրառատ հայացքով էր հետևում այդ պահին մեր դիտարկումներին, չառարկեց մի դիտողությանը, բայց, այ, իր կադրային քաղաքականության ու, հատկապես, կանանց ուժային կառույցների ղեկավարներ նշանակելու վերաբերյալ մեր դիտարկումները չընդունեց և տեղ-տեղ նույնիսկ սուր արձագանքեց, թե ինչո՞ւ ենք մարդկանց սեռերի բաժանում և թիրախավորում կանանց։
Բայց մենք, հակառակը, ոչ թե թիրախավորելով, այլ կանանց ներուժը գնահատելով, հարցրինք, թե ինչո՞ւ են որոշել ուժային կառույցները կանանցով համալրել։
«Կարո՞ղ է որոշել եք կանանցով փրկել երկիրը ձեր իշխանության տղամարդկանց՝ որոշ դեպքերում ապաշնորհ կառավարումից, կամ հակառակը՝ վերջնական կործանել։ Երկու դեպքում էլ վստահ ենք ձեր ուժերի վրա»,- հարցրինք տիկին Գալյանին։
Վերջինս ժպիտով էր լսում մեր հարցը, բայց հարցի վերջին պահը լավ չլսեց ու փորձեց ճշգրտել․ «Ներողություն, ո՞ր դեպքում եք վստահ»։
Ասացինք՝ երկու դեպքում էլ, թե՛ փրկելու, թե՛ կործանելու՝ հավելելով. «Դե, ընդդիմությունից այլևս հույս չկա, ձեր վրա է երևի երկիրը փրկելու հույսը մնացել։ Կամ գուցե ձեր իշխանության մեջ նորմալ, ուժեղ տղամարդ չի մնացել, ու կանա՞նց վրա եք հույս դրել։ Տրամաբանությունը չենք հասկանում, թե ինչո՞ւ եք որոշել, որ բանտապետը, որ պետք է տղամարդկանց միջավայրում աշխատի և հանցագործ տղամարդկանց «դաստիարակի», կին լինի»։
Նաև նկատեցինք, որ երեկ ինքը խորհրդական է նշանակել Լյովա Սարգսյան անունով մի տղայի, որը տակավին վերջերս է ավարտել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, և հիմա պետք է իրեն խորհուրդներ տա, ուստի, եթե այդ տղան, չունենալով պետական ապարատում աշխատանքի փորձ, իրենից ավելի շատ փորձ ու գիտելիք ունի, թող ինքը Գալյանի փոխարեն նախարար աշխատի, Գալյանն էլ նրա մոտ՝ օգնական կամ խորհրդական։
Սրբուհի Գալյանը, համբերատար, երբեմն ժպիտը չթաքցնելով, լսեց-լսեց և անցավ «հակահարձակման»։
Նա նախ նկատեց, որ հայեցողական պաշտոններում ինքն է որոշում՝ ում նշանակի, իսկ խորհրդականի պաշտոնը հենց հայեցողական է, ուստի ինքն է որոշում՝ նշանակել ցանկացած անձի, ում ինքը ցանկանում է․ «Եվ, հետևաբար, ես, օրինակ, կարող եմ ընդհանրապես ձեր հարցին չանդրադառնալ՝ պատասխանելով, որ դա Ձեր գործը չէ։ Բայց ուզում եմ մեկ պատասխան հարցադրում անել, որը հռետորական կարող եք ընկալել՝ ո՞րն է համարվում փորձառու պաշտոնատար անձ կամ մասնագետ։ Ես, Ձեր ընկալմամբ, օրինակ, փորձառո՞ւմ եմ, տարիների քանակը կապ ունի՞, աշխատանքի քանակը կապ ունի՞, ի՞նչը կապ ունի այդ գնահատման հարցում։ Հիմա ես Ձեզ համար փորձառո՞ւ եմ, թե՞ չէ։ Օրինակ՝ ես ունեմ տասը տարվա դասավանդման փորձ ԵՊՀ-ում, մի քիչ ավելի քիչ՝ Արդարադատության ակադեմիայում և այլն։ Բայց մեկ տարի առաջ, երբ հասարակության ներկայացուցիչների ընդունելություն էր տեղի ունեցել, էդ մարդիկ՝ քաղաքացիները, երբ եկան, տեսան՝ երիտասարդ կին է նստած, ասացին՝ «հիմա ի՞նչ խոսենք ձեր մոտ», օրինակ։ Այսինքն՝ ես չեմ հասկանում այդ խտրական մոտեցում-վերաբերմունքը, նախ՝ կանանց նկատմամբ, և երկրորդ՝ երիտասարդների նկատմամբ»։
Այնուհետև տիկին Գալյանն անցավ կանանց մեր խտրական վերաբերմունքից պաշտպանելուն, և դա ստիպված եղավ անել մի քանի անգամ, քանզի ասուլիսի ընթացքում մի քանի անգամ այդ թեմայով հարց հնչեց։
«Էս հարցը, որ անընդհատ տրվում ա՝ ինչո՞ւ կին, ինչո՞ւ տղամարդ չէ։ Ինչո՞ւ ոչ։ Որտե՞ղ է գրված, որ պետք է ինչ-որ պաշտոնում լինի պարտադիր տղամարդ։ Սովորույթի՞ ուժով։ Ինչո՞ւ։ Եկեք հասկանանք՝ որտե՞ղ է խնդիրը թաղված, արդյոք ճի՞շտ է եղել ժամանակին, որ բոլոր տեղերում, բոլոր պատասխանատու պաշտոններում եղել են տղամարդիկ»,- ասաց արդարադատության կին նախարարը։
Ի վերջո, երբ մեզնից հետո այլ լրագրողներ ևս անդրադարձան այս թեմային, Սրբուհի Գալյանը չդիմացավ և որոշեց գնահատել իր մասնագիտական որակներն ու գովել իրեն որպես նախարար․
«Նոր մի ժամ խոսում էի խտրական հարցերից, սեռերով պայմանավորված հարցերից․․․ Անիմաստ հարցադրում է, կներեք։ Տղամարդու հարց չէ, մասնագետի հարց է։ Ես կարծում եմ, որ ես, այո, կին եմ, շատ լավ մասնագետ եմ և, հետևաբար, իմ տեղում եմ։ Այլ տղամարդ, որ իր տեղում է, շատ լավ մարդ է, շատ լավ մասնագետ է, և դրա համար իր տեղում է։ Ես կին եմ, նա տղամարդ է, ուզում եմ հասկանալ՝ հարցը որտեղի՞ց է բխում։ Կներեք, մենք ո՞ր դարում ենք ապրում։ Ես մեկ բան կարող եմ միայն առանձնացնել, որն իմ անձնական կարծիքն է, և դա էլ բխում է մեր մշակույթից, որ կանայք սոցիալական կապերի տեսանկյունից պակաս խոցելի են, քան տղամարդիկ։ Որովհետև տղամարդիկ այս կամ այն հարցերի լուծման պարագայում, գուցե, ավելի հասանելի են շրջապատի մեծության տեսանկյունից ելնելով։ Բայց սա որոշիչ գործոն որևէ պարագայում չի կարող լինել»։
Իհարկե, տրամաբանություն կա տիկին Գալյանի ասածի մեջ՝ ինչո՞ւ ոչ կին, այլ ոչ թե տղամարդ, հատկապես, եթե տվյալ կինը տղամարդուց գեղեցիկ է, առնվազն էսթետիկ առումով ավելի հաճելի է, օրինակ՝ հենց Սրբուհի Գալյանը։ Եվ հույս ունենանք, որ Սրբուհի Գալյանի պրոֆեսիոնալ հատկությունները չեն զիջի նրա արտաքին գեղեցկությանը:
Վահե Մակարյան